Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը պատասխանել է ՎԵՏՕ  շարժման ղեկավար Նարեկ Մալյանի գրառմանը եւ  գրել է․

«Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող տեղեկության, նշեմ, որ Արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետի ընտրության գործընթացում նախարար Բադասյանի մասնակցությունը կանոնակարգված է օրենքով, իսկ գլխավոր քարտուղարի դեպքում՝ նախարարն առհասարակ մասնակցություն չունի: Երկու թափուր հաստիքների համար տարբեր ժամանակներում նախապես մրցույթներ են հայտարարված եղել, որոնց մասնակցելու համար առանձին-առանձին հայտ են ներկայացրել հինգից ավելի անձինք:

Բոլոր հայտատուներն անցել են թեստավորման, իսկ այդ փուլը հաղթահարելուց հետո նաեւ հարցազրույցի փուլերը: Մրցույթն անցկացրել են մրցութային հանձնաժողովները: Հաղթող ճանաչված անձանց գործունեությունը որևէ օրենսդրական կարգավորմամբ արգելված չէ, առկա չէ շահերի բախման իրավիճակ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ՎԵՏՕ հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը գրել էր, որ  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր քավորին՝  Դավիթ Գասպարյանին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ: