2020 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 17:20-ին, Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցից առեւերեւույթ ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Սեւան քաղաքի բնակիչ, որի մոտ, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ, հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված դեղնավուն զանգված եւ ծալովի դանակ: Այս մասին հայտնում ենք ՔԿ-ի լրատվության ծառայությունից։
Առգրավված նյութը ենթարկվել է դատանյութագիտական փորձաքննության, որի եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված դարչնաշագանակագույն փոշենման զանգվածը հանդիսանում է 0.11գ. հաստատուն քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի եւ 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Սեւանի բնակչին թմրամիջոց առերեւույթ իրացրած անձի ինքնությունը, որը Երեւան քաղաքի 49-ամյա բնակիչ է: Վերջինս հայտնաբերվել եւ ձերբակալվել է՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման եւ մուգ շագանակագույն զանգվածներ:
Քրեական գործով նշանակված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված եւ փորձաքննության ներկայացված զանգվածները 0.32գ «Հերոին» եւ 0.23գ. քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ են:
Դեպքի առթիվ հարուցվել է եւս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ կետի եւ 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով:
Որոշում է կայացվել՝ հիշյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու եւ նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու վերաբերյալ:
Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կասկածյալի բնակարանի խուզարկություն, որի ժամանակ եւս հայտնաբերվել եւ առգրավվել են թմրանյութերի, թմրամիջոցների, պրեկուրսորների նմանվող նյութեր եւ դեղահաբեր:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ Սեւանի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց առնչությունը, թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման աղբյուրը պարզելու, շրջանակը հստակեցնելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։











