Կապիտալ շինարարությունը չավարտելու արդյունքում անցյալ տարի հաջողվել է մոտ 380 միլիարդ դրամ խնայել, որից 150 միլիարդի մասով որոշակի պարտավորություններ կան, իսկ մնացած 200 միլիարդ դրամը  «ազատ փողեր են»: Այս մասին ապրիլի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Քաղաքական գործչի խոսքով` այդ գումարները որպես օժանդակ միջոց պետք է ներդրվեն տնտեսության մեջ: Ի պատասխան` «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավորները նրան մեղադրեցին պոպուլիզմի մեջ, ինչին Մարուքյանը բավականին կոշտ արձագանքեց: «Պոպուլիզմն այն է, երբ 1.5 միլիոն դրամ աշխատավարձով ֆինանսների նախարարն ասում է, որ փող չկա»,- հայտարարեց խորհրդարանականը: