Մի 10 հոգու, որ պատին ծեփեն, երկիրը վարդի պես կապրի, բայց այդ 10–ին թողել են, ընկել մանր–մունր ժողովրդի հետեւից։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով ծանր դրությունը՝ իշխանությունը դադարե՞լ է պատերին ծեփելու հռետորաբանությամբ աշխատելը։
«Այդ մանր խավը միշտ էլ իր համար հանգիստ ապրել է։ Գել ու գազանին, ով երկիրն այս վիճակին է հասցրել, բոլորդ էլ նրանց տեղը լավ գիտեն, չեն գնում, մոտենում»,– ասաց պատգամավորը։
Հարցին, թե նոր օրենք ընդունվեց, որով ապօրինի ձեռբերված գույքը հետ պետք է վերադարձվի, դուք այդպիսի բան ակնկալո՞ւմ եք, Ղուկասյանը պատասխանեց. «Տա Աստված այդպես լինի, բայց չեմ հավատում, էլի պետք է մանր–մունրին բռնեն, մյուսներին բաց թողնեն, որոնք այս երկրի սերը քաշում են մինչեւ այսօր»։











