Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելամ Թադեւոսյանը արդեն մի քանի օր է մամուլի հերոսն է եւ իր պարզաբանումները շատերս ենք սպասում, որ այստեղ լսենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ նշեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին:

«Ինձ համար չափազանց խնդրահարույց է, որ ցուցարար ծեծողը... ցուցարար ծեծողի եղբորը չենք մռացել, երեկ ես տեսագրությունը հրապարակել եմ:

Էս խնդիրը ձեզ պետք է մտահոգեր, որովհետեւ ձեր քաղաքական ուժի ղեկավարին ու երկրի առաջնորդին հայհոյողը գալիս ու հարգանքի խոսքեր է ասում: Ինչ իրավունքով է պարոն Թադեւոսյան ձեր վարչական շրջան վերադարձել ցուցարար ծեծող եւ տարբեր, նաեւ կաշառակերության համար մեղադրվող մի անձնավորություն: Կարծես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն իրեն կոմֆորտի մեջ է զգում ՀՀԿ-ականների շրջապատում»,- ասաց Անի Խաչատրյանը:

Ի պատասխան Թելման Թադեւոսյանն ասաց. «Իմ նշանակվելուց հետո շատ կարճ ժամանակ է եղել  մինչեւ այդ անձնավորության վարչական շրջանի աշխատակազմում ընդգրկվելը, որի հետ կապված մանրամասները հետո եմ իմացել: Ինչ վերաբերում է իր անցյալին ու ներկային, ես երկու բառով կանդրադառնա. թե ինչ է արել նա կամ իր եղբայրը անցյալում, կարծում եմ՝ դրա գնահատականը տվել են թե իրավապահները, թե հանրությունը: Իսկ վերջին հրապարակումից հետո ինքն է մոտեցել ինձ ու ասել, որ իր համար անընդունելի է, որ կարելի է մարդուն անցյալով գնահատել ու շահարկել, չէ որ ես հիմա ամեն ինը ճիշտ անում եմ: Ինքն ասել է, որ չի աշխատի»:

Անի Խաչատրյանն այս պատասխանին եւս արձագանքեց. «Փաստորեն նախկին ռեժիմին ծառայող, ցուցարար ծեծողն է, որ չի ուզում Հայաստանի նոր իշխանությունների համար խոսակցություն առաջանա, այլ ոչ թե Նոր Հայաստանի կողմից նշանակված թաղապետն է նրան հեռացնում: Ցավում եմ Նոր Հայաստանի իշխանությունների համար: