Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` ապրիլի 29-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քեյդանաուի հետ:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները, մասնավորապես` Հայ Ազգային Կոնգրեսի պահանջների կատարումից հետո իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը եւ երկրում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:
Հանգամանալից վերլուծվել է Հայաստանում արմատավորված լայնածավալ կոռուպցիայի հաղթահարման, քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժման, մանր եւ միջին բիզնեսի, գյուղացիության վիճակի բարելավման եւ նրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղիները, ինչպես նաեւ ծայրահեղ չափերի հասած արտագաղթի խնդիրը:
Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:





























