Ինձ բողոքել են, որ Երեւանի վարչական շրջանների աշխատակազմերում մարդկանցից հավելյալ 20 հազարական դրամ են հավաքում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամի համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ նշեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա կոչ արեց, ոչ թե աշխատակիցներից այդ գումարը հավաքել, այլ բազմաթիվ միջոցառումներ, որ այս տարի կորոնավիրուսի պատճառով տեղի չեն ունենալու, դրանց գումարները փոխանցել այդ հիմնադրամին:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հարցրեց, թե կոնկրետ որ վարչական շրջանում է նման բան գրանցվել, ինչին Թեհմինա Վարդանյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ինքը «գործ տվող» չէ:

«Մեզ լուրեր են հասել, որ մեզ կամ ինչ-որ ընդդիմադիր գրառում լայքելու համար մարդիկ բանավոր նկատողություն են ստանում: Դրա համար իմ մեջ «գործ տալու» կամ մարդկանց փաստի առաջ կանգնեցնելու արվեստը չկա»,-ասաց «Լույսի» ներկայացուցիչը:

Հայկ Մարությանը նկատեց, որ «Լույս» խմբակցության անդամի լեքսիկոնն ավելի շատ ՀՀԿ-ականի է հիշեցնում: