ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` ապրիլի 29-ին ստորագրել են ՀՀ կառավարության եւ Եվրահանձնաժողովի միջեւ համատեղ հռչակագիրը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այդ հռչակագրով կողմերը ողջունում են ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված լավ առաջընթացը:
Փաստաթղթով կողմերն ստանձնում են հանձնառություն` ավելի ակտիվորեն հետամուտ լինել Եվրոպական հարեւանության քաղաքական ուղենիշներին, ինչը կամրագրվի ՀՀ կառավարության եւ Եվրհանձնաժողովի կողմից համատեղ մշակվելիք` բարեփոխումներին միտված գործընկերության շրջանակներում: Հռչակագրի համաձայն, դրանք կուրվագծեն համագործակցության այն ոլորտները, որոնք կարող են լինել մեր հարաբերությունների կիզակետում` ԵՄ գործիքների եւ միջոցների օգնությամբ:
Հռչակագրով վերահաստատվում է Հայաստանի հստակ հանձնառությունը շարունակելու բարեփոխումների գործընթացը եւ ընդգծվում Եվրոպական Հանձնաժողովի պատրաստակամությունը՝ տրամադրելու ավելի մեծ աջակցություն բարեփոխումների իրականացման համար, ներառյալ բյուջետային աջակցության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական Հանձնաժողովի միջեւ համաձայնեցված` Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի միջոցով:



























