Ազգային ժողովի այսօրվա նիստը նշանավորվեց «Լուսավոր Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցությունների դիմակայությամբ, որը վերաճեց Էդմոն Մարուքյան-Ալեն Սիմոնյան թեժ լեզվակռվի եւ հայհոյանքների փոխանակման: Բայց, նախ սկզբից. Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն Էդմոն Մարուքյանի՝ անապահով ընտանիքներին հատկացվող գումարներն ավելացնելու առաջարկը որակել էր պոպուլիզմ։ Սիմոնյանի խոսքով՝ պոպուլիզմ է նաեւ իմանալը, թե կառավարությունն ինչ ծրագիր է անում, ասել, ես ասում եմ, որ այսպես պետք է անել, հետո ասել՝ տեսաք, ես ասացի, արեցին:
Հետո ԼՀԿ-ից պատգամավոր Անի Սամսոնյանն է պատմել, թե երեկ ոստիկանություն բերման է ենթարկվել քաղաքացի Միքայել Մարգարյանը, որը կառավարության շենքի մոտ բողոքում էր, որ իրեն ստիպում են վճարել կոմունալները: «Քաղաքացի Միքայել Մարգարյանը այն վառ ապացույցն է, որ կառավարության հասցեական քաղաքականությունը տխուր եւ ողբալի վիճակում է: Մարդիկ զրկվել են աշխատանքից: Ես եւ դուք չենք զրկվել, դրա համար ձեր ձայնը տաք տեղից է գալիս»,-ասել է Սամսոնյանը՝ դիմելով «Իմ քայլից» Հովհաննես Իգիթյանին:
Օրվա վերջում Ալեն Սիմոնյանը դարձյալ ամբիոնին է մոտեցել եւ Անի Սամսոնյանին խնդրել իր մասին քիչ խոսել, քանի որ ինքն ամուսնացած է եւ դա տգեղ է դիտվում: «Ինձ մոտ տպավորություն է, որ ձեզ մոտ ինչ-որ մանիա կա, բայց ես Ձեզ չեմ պատասխանելու, պատասխանելու եմ Ձեր փեշի hետևում պախկված Էդմոն Մարուքյանին...»,- ասել է Ալեն Սիմոնյանը եւ հիշել է 2018 թվականի ապրիլի 16-ը, երբ շատերը, նրա խոսքով, մահանալուց պրծան: «Ես Ձեզ գրում էի «ԵԼՔ» խմբակցության խմբի մեջ, խնդրում դուրս գալ փողոց երևանցիների համար, սակայն դուք դուրս չեկաք», ասել է նա:
Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Այսօրվա դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 59 նոր դեպք է գրանցվել եւ դրանց թիվը հասել է 1867-ի: Հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով՝ այս պահին բուժվում է 971 անձ, ապաքինվել է 866-ը:
Երեխաներին կորոնավիրուսից պաշտպանելու տեսահոլովակ է հրապարակել առողջապահության նախարարը եւ գրառում արել. «Այս տեսահոլովակում կորոնավիրուսի վերաբերյալ շատ կարևոր տեղեկություններ կան երեխաների համար», գրել է Արսեն Թորոսյանը եւ բոլոր ծնողներին խնդրել ցուցադրել այն իրենց երեխաներին և տարածել:
Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մինիմում մեկ տարի, մինչեւ մյուս տարվա մարտ մենք այս ճգնաժամի մեջ ենք լինելու, Ֆեյսբուքյան այսօրվա ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կոմունալ վճարների հետ կապված խնդրին: «Հետեւաբար, եթե ասենք, որ ամբողջ ճգնաժամի ընթացքում մարդիկ կարող են կոմունալները չվճարել, դա նշանակում է ասենք, որ երկրում հոսանք չի լինելու,- նշել է նա:
Փաշինյանն ասել է, որ երբ հայտարարել են, թե արտակարգ դրության ընթացքում վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու, այդ ժամանակ հույս են ունեցել, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի, բայց այդպես չեղավ: Արտակարգ դրության մեղմացումների մասով՝ վարչապետն ասել է, որ թույլատրվելու է բնակության վայրից մոտ 1 կմ հեռավորության տարածքում զբոսնել, բայց տեղաշարժման թերթիկ ունենալու պահանջը կմնա ուժի մեջ։
Կառավարության դիմաց մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով միացնել իրենց գազն ու լույսը։ Ոստիկանները հորդորել են մեկուսանալ եւ չխախտել պարետի որոշումը:
Հոսանքի եւ գազի անջատումների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից էր նաեւ «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավարի որդին՝ SOS նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը։
Հանրապետության երկրորդ Նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար: «Հետազոտության արդյունքներով որոշում կկայացվի հետագա բուժման բնույթի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Վերաքննիչ քրեական դատարանը ամբողջությամբ բավարարել է ավագ քննիչ Միքայել Զադոյանի պաշտպանի բողոքը եւ Զադոյանին անպարտ ճանաչել, իր ֆեյսբուքյան էջում գրել է Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանը։ Նախկին քննիչը մեղավոր էր ճանաչվել եւ 7 տարով ազատազրկման դատապարտվել:
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարել է, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանները պահանջ են դրել իր առջև՝ ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Նրա խոսքով՝ ապօրինությունների թվում է նաեւ անբողջ գույքի ու բաժնեմասերի վրա դրված կալանքը։ Նույնիսկ խոստացել են անկառավարելի վիճակ ստեղծել ընկերություններում, որպեսզի ստիպված լինեն համաձայնություն տալ վաճառելուն՝ այն էլ, առավելագույն ցածր գնով, ասել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին:
Հայտարարությանը ֆեյսբուքում արձագանքել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը», ասել է նա: Գեւորգյանի խոսքով՝ կառավարությունը տեղեկություն ունի, որ UCOM-ի կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:
Երրորդ նախագահի գրասենյակն էլ արձագանքել է Մանե Գեւորգյանի գրառմանը: Լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով: Մի ամբողջ պետություն և նրա իրավական համակարգը սոցիալ-տնտեսական այս դժվարին պայմաններում անգամ սեփական քմահաճույքներին ու անձնական վրեժխնդրությանը ծառայեցնելու մարմաջով տառապող ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից և այդ հարթության մեջ մեկնաբանման ենթակա չեն, ասված է հայտարարությունում:
Քաղաքապետարանը լուծարել է «Հակատուբերկուլյոզային դիսպանսերը», 19 բժշկից 11-ն արդեն աշխատանքի է տեղավորվել: Երեւանի ավագանու նիստում քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը խոստովանել է, որ դիսպանսերի աշխատակիցների թիվը 62-63 է: ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի խոսքով, ավագանին պետք է դիմադրի Արսեն Թոևրոսյանի՝ նրա խոսքով՝ փոքրիկ կամակորություններին:
Քաղաքապետին հարց ուղղելուց առաջ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հույս է հայտնել, որ նրա տրամադրությունն ավելի լավ է եւ իր հարցից չի բորբոքվի: Հայկ Մարությանը կարծիք է հայտնել, որ 100 ավտոբուսի մասին այսօր լուր կլինի:
Ավագանին համաձայնել է արտգործնախարարության առաջարկին ու որոշում կայացրել Երեւանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:
Ավագանին նաեւ որոշել է Երեւանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչել Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Շուտով այդ պուրակում կվերատեղադրվի նաեւ մեծ կատակերգակի արձանը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այսօր տեղեկություն է ստացել, որ Ախթալա-Շամլուղ ճանապարհի մոտ 5-րդ կմ-ին առկա է քարաթափման վտանգ: Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարներն արհեստական քարաթափում են իրականացրել եւ հեռացրել քարաբեկորները:
Այսօր ցերեկը Ճգնաժամային կենտրոնը նաեւ ահազանգ է ստացել, որ մի քաղաքացի ցանկանում է ցած նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից: Դեպքի վայր մեկնած ոստիկանների եւ փրկարարների համատեղ ուժերով կանխվել է 39-ամյա Սամվելի ինքնասպանության փորձը:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով ու կազմել 479.63 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.54 դրամով ու հասել 521.74 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.90 դրամով ու հասել 599.11 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով ու կազմել 6.49 դրամ։
Ապրիլի 29-ին Հայաստանի շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Երեւանում եւս կարճատեւ անձրեւներ են կանխատեսվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +17+19:











