Արթուր Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրենը եւ իր գործառույթներով պայմանավորված կարող էր այդպիսի խնդիրները վերլուծել, առաջ քաշել: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե գործող իշխանության ապաշնորհ քաղաքականության հետեւանքով ոստիկանությունը որպես իրավապահ մարմին գոյություն չունի:
«Եթե ժամանակին այդպիսի բան է եղել, ինչո՞ւ Վանեցյանը դա չի արել: Եվ թող նշի, թե որ մի կոնկրետ ապաշնորհ գործողությունների հետեւանքով է, որ այսօր ոստիկանություն չունենք:
Այսօրվա հանրային կառավարման մի կարեւորագույն բեռը ոստիկանության վրա է, ուղղակի կանխարգելման աշխատանքները երբեմն անշնորհակալ են մնում: Մենք չենք իմանում, թե ինչպեր կարող էին լինել, որոնք չեն եղել, կանխարգելվել են: Ոստիկանությունն իր ծառայությունն իրականացնում է բավարար մակարդակով: Ոստիկանությունն այսօր զարգացում է ապրում, կա ռազմավարական զարգացման ծրագիրը: Եթե վանեցյանը նման բան է ասում, ապա որտեղից հայտնվեց այդ ռազմավարական զարգացման ծրագիրը, եւ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հրատապ միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի այդ բարեփոխումները հնարավորինս արագ հասնեն իրենց ավարտին:
Վանեցյանը լինելով ԱԱԾ տնօրեն, վատ չէր լինի, որ գնահատական տար ընդհանրապես իր ծառայության ընթացքում այդ ծառայության գործունեությանը, ինչպես է ինքը կառավարել, ինչ արդյունքներ են ունեցել, որից հանրությունը դժգոհ է»,-ասաց Արմեն Խաչատրյանը:











