Չեմ կարծում, որ Գավառում տեղի ունեցած այս դեպքերը կապված են քրեական ենթամշակույթի դեմ անարդյունավետ պայքարի հետ, քանի որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը ենթադրում է տարիներով համակարգված ու համալիր աշխատանք: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ էլ կանխարգելիչ բավականին լուրջ միջոցառումներ պետք է իրականացնել, որովհետեւ հնարավոր է՝ տուժածների հարազատները փորձեն վրեժխնդիր լինել:
«Ովքեր կմտածեն, որ կարող են այսուհետ նման կերպ գործել, նրանք պետք է հակադարձել ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվության ենթարկել: Ոստիկանությունն ունի այն ռեսուրսները, որ կարող է դիմակայել ցանկացած նման հանցավոր դրսեւորման»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք այս դեպքերը չեն վկայում, որ ոստիկանությունն ինչ-ինչ հարցերում թերացել է, Արմեն Խաչատրյանն ասաց. «Այն, որ ոստիկանությունում կան խնդիրներ, որ բարեփոխումները հրատապ են, այն որ ոստիկանությունն ունի գործիքակազմի պակաս թե օրենսդրական դաշտում, թե կադրային ռեսուրսների հետ կապված, Դա միանշանակ այդպես է: Նախքան այս դեպքերը, կորոնավիրուսով պայմանավորված արդեն իսկ ոստիկանությունն աշխատում էր գերծանրաբեռնված ռեժիմով: Այդպես չպետք է լիներ: Այսպիսի դեպքերը նաեւ թույլ են տալիս ավելի պրակտիկ վերլուծություններ անելու եւ ի հայտ բերելու առկա թերությունները»:











