Ինձ քիչ է հետաքրքրում՝ ինչ է ասել Ալեն Սիմոնյանը, մանավանդ որ իր ասածի մեջ ակնհայտ ալոգիզմ կա, քանի որ եթե Ալեն Սիմոնյանը այն տղան է, որ իր հասցեին հնչած սեռական վիրավորանքից հետո ձեռնամարտի է նետվում, հիշեցնեմ, որ բառացիորեն երեկ Ալեն Սիմոնյանին ասացին անբարոյականի վաստակ ու ինչ-որ մենք չտեսանք Ալեն Սիմոնյանին ձեռնամարտի մեջ մտնելուց։ Այս մաիսն լրագրողների հետ զրույցում ասել է «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը, որն այժմ «Էրեբունի» ԲԿ–ի առջև է, ուր Ալեն Սիմոնյանի հետ միջադեպից հետո տեղափոխել են «Ադեկվադի» հիմնադիրներից Արթուր Դանիելյանին։
«Արթուր Դանիելյանը պնդում է, որ ոչ մի սեռական հայհոյանք չի եղել, Ալեն Սիմոնյանը բարեւել է, Արթուրը պատասխանել է բարեւին, ինչից հետո Արթուր Դանիելյանի դեմքին է հարվածել Ալեն Սիմոնյանը։ Դրանից հետո ալոգիզմն ու արդեն սովորական դարձած ընտրողական մոտեցումը առ «Ադեկվադ» ու մասնավորապես Արթուր Դանիելյան հերթական անգամ տեղ են գտել։ Սկսենք նրանից, որ Արթուր Դանիելյանին մեր ունեցած տեղեկություններով բերման են ենթարկել Առաջին հիվանդանոցի մոտից։ Դրանով էր պայմանավորված այն թյուրիմացությունը, որ մենք վստահ էինք, որ նա այնտեղ է, որովհետեւ երբ մենք վերջին անգամ նրա հետ խոսել ենք, նա ասում էի, որ շուտով մտնելու է եւ նրան այնտեղ տեսել էին մարդիկ եւ ըստ էության զրկել են նրան առաջին բուժօգնություն ստանալու իրավունքից։ Հետո Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում այնուամենայնիվ որոշել էին, որ թերեւս Արթուր Դանիելյանը կարող է վկրահատական միջամտության կարիք ունենալ ու տեղափոխել էին այստեղ՝ Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ հենց նոր իմացանք, որ հետազոտությունները ցույց են տվել, որ վիրահատության կարիք չկա, քիթը վնասված է, բայց ըստ երեւույթին կոտրված չէ։
Հիշեցնեմ, որ ոստիկանության այս գերօպերատիվ գործողությունները տեղի են ունենում երեկվա միջադեպի ֆոնին, երբ ոստիկանությունը 300 սպարտանցիների հարձակմանը չդիմանալով՝ թույլ էր տալիս, որ մարդիկ մտնեին, կոկորդներ կտրեին, բայց հենց բանը հասնում է «Ադեկվատ» միաբանությանն ու Արթուր Դանիելյանին, նրան պետք է միանգամից հիվանդանոցի դիմացից թաքուն բերման ենթարկել, հետո մենք մեր միջոցներով փորձենք պարզել՝ ինչ է, ոնց է։ Ու այս ամեն ինչում ամենազավեշտալին այն է, որ հենց Ալեն Սիմոնյանը իր տված հարցազրույցում, ըստ էության, հաստատում է , որ ինքն է սկսել ծեծկռտուքը՝ ի պատասխան հայհոյանքի։ Այդ պարագայում հասկանալի չէ, թե ինչու են այդ դեպքում հիմա Արթուր Դանիելյանը եւ մեր մյուս երկու ընկերները, ովքեր ֆիզիկապես ներկա են եղել, բայց ծեծկռտուքին չեն մասնակցել, բերման ենթարկվածի կարգավիճակում գտնվում։ Ցանկացած քաղաքացի, տղամարդ թող ինձ ասի՝ ինչ կանի ինքը, եթե իր վրա փողոցում մեկը հարձակվի, խփի դեմքին։ Եթե սրանք են նրանց ուզած նոր խաղի կանոնները, մենք սիրահոժար պատրաստ ենք ընդունել դրանք, տեսնենք՝ իրենք քանի հոգի փողոցում խփող տղա ունեն, մեր կողքին քանի հոգի փողոցում խփող տղա կա։ Միջադեպը տեղի է ունեցել Արամի փողոցին կից այգում՝ որքանով գիտեմ՝ Մալիբու սրճարանի մոտ։ Ֆեյսբուքում արդեն կան լուսանկարներ, որտեղ երեւում է, որ առնվազն ՊՈԱԿ-ի Հովոն նույնպես Ալեն Սիմոնյանի հետ է եղել»։











