Մայիսի 2-ին՝ Երեւանի ժամանակով 20:20-ին «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի YouTube-ի պաշտոնական ալիքով կհեռարձակվի համահայկական մեծամասշտաբ համերգային ծրագիր, որի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում կորոնավիրուսի բուժման ծրագրերին, անհրաժեշտ սարքավորումների եւ դեղամիջոցների ձեռքբերմանը:
Այսօր՝ մայիսի 1–ին, լրագրողների հետ հանդիպմանը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը մանրամասներ է հաղորդել ստեղծված հանձնաժողովի եւ բարեգործության նպատակների մասին: Նշենք, որ թե ասուլիսի մասնակիցները, թե լրագրողները նստած էին միմյանցից անհրաժեշտ սոցիալական հեռավորության վրա։
«Կարծում եմ՝ այս համերգն աննախադեպ է: Հավաքված ամբողջ հասույթը տրամադրվելու է Հայաստանում Covid19-ի դեմ պայքարի համար սարքավորումներ ձեռք բերելուն: Այս նպատակով ստեղծվել է հասարակական անկախ հանձնաժողով: Հավաքված գումարը բոլոր հաշիվները պետք է հսկվեն մեր խմբի կողմից, իսկ թե ինչ դեղորայք է գնվելու, կորոշեն մեր խմբի համապատասխան ներկայացուցիչները»,– ասաց նա
Արտակ Թովմասյանը տեղեկացրեց, որ օր օրի լայնանում է այն արտիստների շրջանակը, որոնք ցանկանում են միանալ բարեգործական նախաձեռնությանը.
«Համերգը հեռարձակվելու է «Դվին» համերգասրահից, որտեղ կպահպանվի սոցիալական հեռավորությունը, ինչը հուշում է մեր բոլոր ունկնդիրներին, որ այդ հեռավորությունը պետք է պահել դուրս գալիս: Մնացած երկրներից մեր արտիստները կմիանան տաղավարից կամ տնից, ինչը եւս տանը մնալու ուղերձ է: Անկախ նվիրատվության չափից՝ բոլոր բարերարների անուները կդրվեն մեր ֆոնդի կայքում եւ յութուբյան հեռարձակման ժամանակ: Կարեւոր չէ գումարի քանակը, կարեւորը նրանց մասնակցությունն է մեր համերգին»:
Թովմասյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը նաև համախմբածության կոչ է ամբողջ աշխարհի հայերին՝ անկախ քաղաքական հայացքներից։
«Երբ պատերազմ է սկսվում, չես նայում՝ ով, ինչ, գնում ես պատերազմին մասնակցելու ու քո լուման ներդնելու հաղթանակի մեջ: Դրա համար ես կոչ եմ անում, որ մեր ազգը միախմբվի եւ օգնի: Մենք ունենք մեր հավատքը, պետականությունը, ժողովուրդը, դա արվում է ժողովրդի, չի արվում ինչ-որ մի քաղաքական գործչի, քաղաքական գործիչների կամ խմբերի համար: Այդ կոչը մենք անում ենք՝ ցույց տալու համար, որ միասնական ենք: Կապ չունի՝ ինչ լեզվով ենք խոսում, որ երկրում ենք ապրում: Սա հնարավորություն է ցույց տալու մեր միախմբվածությունը առանց ինչ-որ քաղաքական աստառների: Չկա ինչ-որ քաղաքական նկատառում, կա միայն ցանկություն՝ օգնություն հայտնելու։ Բժիշկներն էլ կասեն, որ հիվանդի բուժումը մեծամասամբ կախված է նրա լավ տրամադրվածությունից: Մենք որոշել ենք անել մի բան, որը կփոխի բոլորիս տրամադրվածությունը եւ միասին կկարողանանք օգտակար լինել. թեկուզ մեկ լումայի դեպքում կունենանք բյուջե, որով կաջակցենք դրա կարիքն ունեցողներին»։











