Ուրբաթ հիվանդանոցի ճանապարհին մահացել է Տանզանիայի արդարադատության եւ սահմանադրական գործերի նախարար Ավգուստին Մախիգան, հայտնել է երկրի նախագահ Ջոն Մագուֆուլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախարարը մահացել է, երբ նրան հրատապ տեղափոխում էին տնից հիվանդանոց»,-նախագահի խոսքերը մեջբերում է քենիական The Star պարբերականը: 74-ամյա Ավգուստին Մախիգայի մահվան պատճառը չի նշվում:
Արդարադատության եւ սահմանադրական գործերի նախարարը երրորդ խոշոր քաղաքական գործիչն էր, որը մահացել է Տանզանիայում վերջին 11 օրվա ընթացքում: Ավելի վաղ մահացել էր ազգային խորհրդարանի երկու պատգամավոր: Նրանց մահվան պատճառը եւս չի նշվում: Սակայն մարտի 30-ին Տանզանիայի միապալատ խորհրդարանի աշխատանքը դադարեցվել էր, նշում է պարբերականը:





























