ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը օգտագործում են աշխարհում կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակը, որպեսզի սեփական շահերն առաջ տանեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ցավոք, Ռուսաստանն ու Չինաստանը օգտվում են հատուկ իրավիճակից, որպեսզի առաջ տանեն իրենց շահերը»,- երկուշաբթի հրապարակված հարցազրույցում հայտարարել է նա։
«Ռուսաստանը բժշկական օգնություն է տրամադրել Իտալիային, սակայն հետո փորձել է այն օգտագործել, որպեսզի ապատեղեկատվության քարոզչության միջոցով տարաձայնություն սերմանի Հռոմի եւ նրա դաշնակիցների միջեւ»,- հայտարարել է ամերիկյան ռազմական գերտեսչության ղեկավարը։
Նախկինում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ռուսաստանի կողմից այլ երկրներին տրամադրված օգնությունը բացառապես հումանիտար բնույթ է կրում։ Իսկ ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելիս շահադիտական նպատակների մեջ Ռուսաստանին մեղադրողները փորձում են հասնել իրենց քաղաքական նպատակներին կամ անամոթաբար ստում են։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, այդպիսի մեղադրանքներին ի պատասխան, հիշել է ռուսական ասացվածքներ, որոնցից մեկի համաձայն․ «յուրաքանչյուրն ամեն ինչ իր փչացածության չափով է հասկանում»։ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին անընդունելի է համարել Ռուսաստանի հասցեին մեղադրանքները՝ նշելով, որ բժշկական ապրանքների ռուսական մատակարարումները չեն սպառնում եվրոպական միասնականությանը, տարաձայնությունները հենց ԵՄ-ի ներսում են։





























