Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծում Բաքվի սադրանքներին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից համարժեք արձագանքի բացակայության պայմաններում հայկական կողմը պետք է համարժեք պատասխան տա, բայց ոչ ռազմական հարթությունում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ադրբեջանական վերջին սադրանքը, որի արդյունքում հայկական կողմը մարդկային կորուստներ ունեցավ:

Նրա խոսքով, Երեւանը մի քանի քայլեր պիտի ձեռնարկի` ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ընդունի միջազգային դատարանի իրավասությունը եւ հայց ներկայացնի Ադրբեջանի դեմ` ռազմական գործողություններ սանձազերծելու, եւ Թուրքիայի դեմ` Հայաստանի շրջափակման համար: Երրորդ քայլը, ըստ Սաֆարյանի, կարող է լինել Երեւանի ժամանակավոր հրաժարումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին մասնակցությունից:

Նշենք, որ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի դիպուկահարների կողմից արձակված գնդակից երեկ՝ ապրիլի 29-ին, զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել (բոլոր զինծառայողները զորակոչվել են ԼՂՀ Մարտունու շրջզինկոմիսարիատից):

Դեպքի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանական բանակը հայտարարություն է տարածել եւ արձանագրել, որ «պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլեւ առավել լկտի ու սանձարձակ բնույթ է հաղորդել իր ագրեսիվ ձեռնարկումներին»: