Ստենֆորդի համալսարանի գիտնականները ստեղծել են մարդու մաշկի նման էլեկտրոնային սենսոր, ինչը ռոբոտներին թույլ է տալիս լիարժեք զգալ առարկաները, հայտնում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն:

Նման սենսորների ստեղծման փորձերը նախաձեռնվել էին ավելի վաղ, սակայն նոր մշակումը, ինչպես նշում են հեղինակները, սկզբունքորեն տարբեր է չափերով, քանի որ այն չի օգտագործում զանգվածային հիդրավլիկ կամ օպտիկական բաղադրիչներ, ինչը հնարավոր է դարձնում դրա իրական գործնական կիրառությունը, օրինակ՝ պրոթեզներ կամ բժշկական այլ սարքավորումներ պատրաստելիս:

Մեկ քառակուսի սանտիմետր մակերեսով եւ միլիմետրի հարյուրերորդական մասի հաստությամբ սենսորը բաղկացած է երկու զգայուն տարրերից, որոնք միացած են թաղանթի նման էլաստիկ նյութով: Տարրերից մեկը ընդունում է ճնշումը, իսկ երկրորդը` դեֆորմացիան, ինչը միասին թույլ է տալիս լիարժեք զգալ օբյեկտները:

Մշակողները արդեն փորձարկել են սենսորը՝ պարզելով, որ այն հնարավորություն է տալիս ռոբոտներին ոչ միայն առանց վնասելու բռնել այնպիսի առարկաներ, ինչպիսին են ելակը կամ չերի լոլիկը, այլեւ տարբերակել դրանք միմյանցից: Նոր սենսորը դեռեւս կատարելագործման կարիք ունի, բայց դրա ստեղծողները վստահ են, որ իր չափերի եւ պատրաստման նյութերի ցածր արժեքի շնորհիվ այն լայն կիրառում կգտնի: