Մարտի 16-ին Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում արգելեցին հանձնուքներն ու ծանրոցները՝ պայմանավորված արտակարգ դրության հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Մենք գիտենք, որ ունենք 12 ՔԿՀ-ներ, որոնցից միայն երկուսում են սնունդը կազմակերպում մասնավոր կազմակերպությունները, մնացած 10-ում կա խնդիրսննդի հետ կապված, եւ այդ խնդիրը մինչ օրս լուծվել է հանձնուքների միջոցով: Այն պահից, երբ արգելվել են հանձնուքները, կալանավորները կանգնել են խնդրի առջեւ:
Հասկանալի է, որ արտակարգ դրության հետ կապված տեսակցությունների եւ հանձնուքների արգելքը կարող է լինել ողջամիտ, բայց մենք այս ընթացքում հասկացանք, որ դա այնքան էլ ողջամիտ չէ, որովհետեւ եթե օրինակ, արգելում են կալանավորի հարազատի բերած տուփով քաղցրավենիքը, բայց նույն տուփով քաղցրավենիքը կալանավորը կարող է գնել ՔԿՀ-ի հարեւանությամբ գտնվող խանութից, սա արդեն ողջամիտ չէ: Մենք այստեղ ունենք խնդիր»,-ասաց նա:
Անի Սամսոնյանը հատուկ արդարադատության նախարարի համար մի նամակ ընթերցեց. «Մեկ ամսից ավելի է սուխարի ենք ուտում, կարանք բան էլ չունենք, բայց խի՞ էլի: բայց որ հաշվեհամարով իրենց լարյոկից առեւտուր անես, լավ էլ ամեն ինչ կբերեն: Հիմա ո՞նց հասկանանք, փաստորեն մեր մամաների սարքածից կամ պակետով մարկետից առածից կվարակվենք, իսկ տատիկների սարքացիծ ու լարյոկից առածից չենք վարակվի»:
Ինձ մոտ տպավորություն է, որ արդարադատության նախարարը խթանում է ՔԿՀ-ի հարեւանությամբ գտնվողն խանութների առեւտուրը: Եթե դա այդպես չէ, ուրեմն պետք է վերանայեք հանեք հանձնուքներ ընդունելու այդ արգելանքը»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Սամսոնյանըը հավելեց, որ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն ասում է, որ արտակարգ դրության պայմաններում պետք է տալ հնարավորություն հարազատներին, ընտանիքի անդամներին կալանավորներին տալ սնունդ, անհրաժեշտ պարագաներ, հնարավոր պաշտպանության միջոցները հաշվի առնելով:











