Հայաստանում վիճակը, կորոնավիրուսի առումով, սարսափելի վատ է։ Այս մասին Սաթիկ Սեյրանյանի «PRESSING» հեղինակային ծրագրին ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Նախ, մարտի կեսերին մտցրեցինք Արտակարգ դրություն, նշանակվեց պարետ՝ Տիգրան Ավինյանը։ Այն ժամանակ ունեցել ենք 18 հիվանդ, հիմա, եթե չեմ սխալվում, 2619, 146 անգամ ավելի։ 50 օրում հիվանդների թիվն ավելացել է 146 անգամ։ Մարտի 15-ին աշխարհում կար 156 հազար հիվանդ, հիմա կա 3 մլն 590 հազար հիվանդ։ Մարտի 15-ին աշխարհում 100 հազար մարդուն ընկնում էր 2 հիվանդ, Հայաստանում՝ 0,4 հիվանդ։ Այսօր աշխարհում 100 հազարին ընկնում է 46 հիվանդ, Հայաստանում՝ 91։ Եկանք, տվինք աշխարհին, անցանք», ասել է Հրանտ Բագրատյանը։

Նախկին վարչապետի խոսքով՝ ժողովրդական անեծք է հայտնվել՝ «ձեր պարետը Տիգրան Ավինյանը լինի», որովհետեւ «այդ Արտակարգ դրությունն արտակարգ դրություն չէր»․ 

«Որովհետեւ համաճարակը հաղթահարելն իր մեխանիզմն ունի, ինչի մասին մանրամասն գրել էի Ֆեյսբուքում։ Մարտի 15-ին Վրաստանում կար 35 հիվանդ, մեզ մոտ՝ 18։ Հիմա Վրաստանում վիճակը 7 անգամ մեզանից լավ է։ Ադրբեջանում, որի բնակչությունը գրեթե 10 միլիոն է, կա 1800 հիվանդ», ասել է Հ․Բագրատյանը, հիշեցնելով, որ 90-ականներին, երբ Վրաստանում չէր հաջողվում կառավարել էներգետիկ համակարգը, մեր նախարարն իր վրացի պաշտոնակցի աշխատասենյակում ամիսներով կարգի է բերել նրանց էներգետիկ ոլորտը»։

«Ես հիմա երազում եմ՝ Գախարիան գար Հայաստան, մի երկու շաբաթ վարչապետություն աներ։ Եվ ցույց տար՝ ինչպես պետք է պայքարել համաճարակի դեմ»։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ ճիշտ բան ընդհանրապես չի արվել․

«Ֆորմալ մտցվել է Արտակարգ դրություն։ Առողջապահության նախարարն, առանց իրեն հաշիվ տալու, առանց հասկանալու, ասում է՝ դիմակը, միեւնույն է, հարց չի լուծում։ Նրանք պատրաստ չեն ուժեղ ռեժիմի, նրանք ուզում են այսպես ասած, հաճույքով, կայֆերով հաղթահարել կորոնավիրուսը։ Չինաստանում, որտեղ արդեն քանի օր է՝ մահ չկա, դիմակդ հանեցիր ահավոր տուգանք ես մուծում։ Հայաստանում ոչ մի խանութ չի տուգանվել, մտեք՝ տեսեք, ինչպես են մարդիկ իրար շալակ բարձրացած առեւտուր անում։ Ես ասում եմ՝ Տիգրան Ավինյան, դուք հասկացեք՝ Նիկոլ Փաշինյան», նշել է Հրանտ Բագրատյանը։

Նախկին վարչապետը բերել է հիվանդների թվի կտրուկ աճի 3 հիմնական պատճառ․

«Մեկը՝ Փաշինյանի քարոզարշավն էր, մյուսը, որ ամաչում էր տալ Սամվել Ալեքսանյանի ֆաբրիկայի անունը, եվ վերջապես երրորդը՝ Տաթեւիկ Ռեւազյանի Ryanair-ն էր։ Իսկ հիմա Տաթեւիկ Ռեւազյանը գնացել է Դանիայում երեխա ունենալու։ Նախարարի կարգավիճակ ունեցող անձը գնում է դրսում երեխա ունենալու, դա նրա բարոյական պատկերն է ցույց տալիս։ Դա ցույց է տալիս նրանց բոլորի պատկերը։ Հիմա վաղը պատերազմ լինի՝ կտեսնենք, Երեւանում նրանցից մարդ կմնա, թե չէ», նշել է Հրանտ Բագրատյանը։