Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան պայմանավորվել են բացել ներքին սահմանները երեք երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի համար, թվիթերյան իր էջին հայտարարել է Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը:

«Այսօր վիդեոկոնֆերանցի ընթացքում <...> մենք պայմանավորվեցինք մայիսի 15-ից ներքին սահմանների բացման եւ բալթյան երկրների բնակիչների ազատ տեղաշարժի մասին»,- գրել է Կարինշը: Նա նշել է, որ հարցը քննարկվել է Էստոնիայի եի Լիտվայի վարչապետերի հետ, փոխանցում է ՌԲԿ-ն:

Կարինշը նաեւ նշել է, որ այլ երկրների բնակիչները մերծբալթյան երկրներ մուտք գործելիս պետք է երկշաբաթյա ինքնամեկուսացում անցնեն:

Նախօրեին Լիտվայի առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան շեշտել էր, որ Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի բնակիչների ազատ տեղաշարժն իրենց տարածքով հնարավոր է միայն այն դեպքում, եթե պետությունները պայմանավորվեն միմյանց հետ հիվանդության վերահսկման ընդհանուր սկզբունքների շուրջ: Այդ հասկացությունը պետք է ներառի մոնիտորինգն արտաքին սահմաններին, ինչպես նաեւ երկիր մուտք գործողների մոտ կորոնավիրուսի առկայության ստուգումը եւ նրանց շփումներին հետեւելը:

Հոփկինսի համալսարանի տվյալներով` Լատվիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 900 եւ մահվան 17 դեպք, Լիտվայում գրանցվել է 1428 վարակման եւ 48 մահվան դեպք, Էստոնիայում` 1713 վարակման եւ մահվան 55 մահվան դեպք: