Արհեստական ինտելեկտի մշակմամբ զբաղվող Neuralink ընկերությունը, որը ղեկավարում է Tesla-ի եւ SpaceX-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը, հնարավոր է՝ տարվա ընթացքում ներկայացնի մարդու ուղեղի իմպլանտի իր տարբերակը, փոխանցում է BI-ը: 

2016 թվականին հիմնադրված Neuralink-ը զբաղվում է նեյրոնային տեխնոլոգիաներով եւ իմպլանտ է մշակում, որը նախատեսված է մարդկային ուղեղի հետ անմիջական փոխազդեցության համար: Իլոն Մասկի խոսքով՝ իմպլանտի նախնական նպատակն է գլխուղեղի հիվանդությունների եւ վնասվածքների բուժման համար որպես միջոց օգտագործելը:

«Մենք դեռեւս կատարելու շատ աշխատանք ունենք,- ասել է Մասկը: - Կարծում եմ, որ մենք կկարողանանք այս իմպլանտը մարդուն փոխպատվաստել տարվա ընթացքում: Կարծում եմ, որ մենք մարդկանց առողջ դարձնելու հնարավորություն ունենք՝ վերականգնելով նրանց կորցրած որոշ գործառնություններ»:

Չիպը պոտենցիալ կարող է օգտագործվել տեսողության, լսողության եւ վերջույթների շարժունակության վերականգնման համար՝ ի հավելումն հիվանդությունների դեմ պայքարին, որոնք ախտահարում են ուղեղը, պնդում է Մասկը: Մասկի խոսքով՝ սարքը կփոխպատվաստվի անմիջապես գանգի մեջ, որպեսզի էլեկտրոդային թելերին թույլ տա փոխազդել ուղեղի որոշակի հատվածների հետ: «Սա սկզբունքորեն կարող է շտկել այն ամենը, ինչը ուղեղում այնպես չէ,»,- ասել է Մասկը:

Առաջին անգամ չէ, որ Մասկն այսպիսի հայտարարություններ է կատարում: Դեռեւս 2019 թվականի հուլիսին Մասկն ասել էր, թե հույս ունի իմպլանտը պացիենտին փոխպատվաստել հաջորդ տարվա վերջին:

Նա երկարաժամկետ հեռանկարում հույս ունի սարք մշակել, որը կկարողանար ապահովել մարդկանց եւ ԱԻ-ի միջեւ «սիմբիոզ»: