Tesla էլեկտրաքարերի ամերիկացի խոշոր ձեռնարկատեր Իլոն Մասկն իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է, որ ընկերությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ Ալամիդա կալիֆոռնիական շրջանի, որտեղ գտնվում է ընկերության գլխավոր գործարանը, եւ դուրս բերել իր շտաբն ու բոլոր գործողությունները Կալիֆոռնիա նահանգից հետագայում։
Ուրբաթ Ալամիդայի առողջապահության հարցերով ժամանակավոր աշխատակից բժիշկ Էրիկա Փենը հայտարարել է, որ այդ շրջանում COVID-19-ի դեմ պայքարում ընդունված սահմանափակումները դեռեւս չեղարկված չեն, եւ անվտանգության նկատառումներով Tesla-ն թույլտվություն չի ստացել Ֆրիմոնթում իր հիմնական գործարանում արտադրությունը վերսկսելու համար, հաղորդում է CNBC-ը։
Ընկերությունը ցանկանում էր վերսկսել աշխատանքն ուրբաթ։ Հենց այդ գործարանում է ընկերությունն արտադրում ավտոմեքենաներ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի համար։ Սակայն Tesla-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Ալամիդա շրջանի Պալո Ալտոյում։
«Tesla-ն անհապաղ դատական հայտ է ներկայացնում ընդդեմ Ալամիդա շրջանի։ Ալամիդայի «առողջապահության հարցերով անհարգալից ժամանակավոր աշխատակիցը գործում է ընդդեմ նահանգապետի, բնակչի, մեր սահմանադրական իրավունքների եւ պարզապես խելամտության»,-իր թվիթում գրել է Մասկը։
Նա հավելել է, որ ընկերությունը շատ ավելի է տեղեկացված այն մասին, թե ինչ պետք է անել անվտանգության համար Չինաստանի իր գործարանում ստացված փորձի շնորհիվ՝ ի տարբերություն «Ալամիդա շրջանի անհարգալից կրտսեր աշխատակցի»։
Ի պատասխան այդ հայտարարության՝ շրջանում նշել են, որ Առողջության պահպանման գործակալությունն ու Հանրային առողջության դեպարտամենտն աշխատել են անվտանգության ծրագրի շուրջ՝ սերտորեն համագործակցելով Ֆրիմոնթում Tesla-ի գործարանի հետ։ Նրանց խոսքով՝ իրենք մտադիր են թույլ տալ ընկերությանը վերսկսել արտադրությունը գործարանում հազարավոր աշխատակիցների առողջությունը պաշտպանելու պայմանով։





























