ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ագրեսիվ վերաբերմունք է դրսեւորում Չինաստանի հանդեպ՝ առաջ տանելով այն փաստարկը, որ Պեկինը պատասխանատու է կորոնավիրուսի տարածման համար, գրում է The Hill-ը: 

Այդպիսով նա զայրացրել է չինացի պաշտոնյաներին եւ պետական ԶԼՄ-ներին, որոնք նրան անվանել են «ստախոս» եւ «մարդկության թշնամի»:

Եվ չնայած դրան՝ Պոմպեոն շարունակում է դատապարտել Չինաստանին՝ հայտարարելով, որ կորոնավիրուսն առաջացել է չինական լաբորատորիայում:

«Ի՞նչ գիտենք, թե որտեղից եւ ինչպես է այն առաջացել: Սակայն մենք որոշ ապացույցներ ունենք, որ այն առաջացել է լաբորատորիայում: Դա կարող է նաեւ այդպես չլինել»,-ասել է Պոմպեոն:

ԱՄՆ-ի որոշ դաշնակիցներ, ինչպես օրինակ՝ Ավստրալիա եւ Եվրամիություն, կրկնել են գլոբալ հետաքննություն անցկացնելու Պոմպեոյի կոչերը:    

Սակայն ավստրալիական հատուկ ծառայությունները, որոնք Five Eyes հետախուզական ծառայությունների միջազգային դաշինքի մասն են կազմում, հերքել են հայտարարություններն այն մասին, որ լաբորատորիայից արտահոսքի մասին ապացույցներ կան:

Միեւնույն ժամանակ, ԵՄ-ն մտահոգություն է հայտնել՝ կապված նրա հետ, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերություններում լարվածությունը կարող է վնաս հասցնել կորոնավիրուսի գլոբալ արձագանքին:

«Ես գիտեմ, որ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ վիրուսի ծագման հետ կապված հակասություն կա: Մեզ պետք է գիտական, անկախ մոտեցում»,-ասել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ջոզեպ Բորելը:

Չինացի պաշտոնյաները պատասխան հարված են հասցրել ԱՄՆ-ին:     

«Չինաստանի էներգետիկա» նախագծի տնօրեն Բոնի Գլեյզերը հայտարարել է, որ Պոմպեոն ԱՄՆ «ամենաշիտակ» պետքարտուղարն է, եւ չինացիները գիտեն, որ նրա հռետորաբանության մեջ իշխող Կոմունիստական կուսակցությանն ուղղված սպառնալիք կա:

ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Խուա Չունինն արձագանքել է Պոմպեոյի հայտարարությանը՝ նրան անվանելով «ստախոս» եւ «կեղծ ապացույցներ» ներկայացնող:

Փորձագետները պնդում են, որ երկու երկրներն ավելի շատ մրցակցում են, քան համագործակցում:

«Սա երկու գերտերությունների մրցակցության մի մասն է»,-ասել է Գլեյզերը:   

Ժողովրդավարության պաշտպանության վաշինգտոնյան հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս Ջոսելինը նշել է, որ Պեկինի վերաբերյալ Պոմպեոյի հայտարարությունները քննադատող հայտարարությունները անհիմն եեն:

«Կան բազմաթիվ բաներ, որոնց համար կարող եք նրանց պատասխանատվության ենթարկել՝ չնշելով այդ լաբորատորիայի մասին»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ լաբորատորիայից վիրուսի արտահոսքի մասին տարբերակը կարող է «ծեծված» դառնալ ապացույցների բացակայության պատճառով:

«COVID-19-ի ծագման մասին վարչակազմի տարբերակը հիմնված է քաղաքական նկատառումների վրա: Նրաք շտապում են մեղադրել Չինաստանին առանց որեւէ ապացույցի»,-գրել է սենատոր Քրիս Մըրֆին: