Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության համար մեղադրվող քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին ազատ արձակելու՝ առաջին ատյանի որոշումն աննախադեպ է, որովհետեւ դատարանը հաշվի չի առել մի շարք հանգամանքներ եւ ապացույցներ, որոնցով հիմնավորվում էր, որ նա կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։
Լուսինե Սահակյանն ասաց, որ Վահագն Աբգարյանը քննիչներին եւ տարբեր անձանց կաշառք տալով կարողացել է վերահսկել գործի ընթացքը, ազդել է գործով վկաների վրա, ուղղորդել է նրանց՝ ինչ ցուցմունքներ տալ։
Նա անդրադարձավ գործով վկա Արթուր Մնացականյանի այն ցուցմունքին, որով հիմնավորվել է Վահագն Աբգարյանի հանցանքը.
«Այդ առանցքային վկան ցուցմունքներ է տվել, որ իր վրա ազդեցություն են գործադրել, եւ դատարանում նաեւ ցուցմունքները տվել է Մարինա Պողոսյանի եւ Վահագն Աբգարյանի մտերիմների ուղղորդմամբ։ Վկան նշել է, որ Մարինա Պողոսյանը հատուկ մեկնել է ՌԴ, ազդել է իր վրա, որ Վահագն Աբգարյանը հայտնվելու է ազատության մեջ եւ պետք չէ, որպեսզի Արթուր Մնացականյանը շարունակի պնդել իր տված ցուցմունքները։ Այս պայմաններում դատարանը կայացրեց նման որոշում։ Տարօրինակ հարց է առաջանում, թե ի՞նչ գիտեր Մարինա Պողոսյանը դեռեւս ամիսներ առաջ, որ Վահագն Աբգարյանն ազատ է արձակվելու, դրանով, կարծում եմ, որ համապատասխան մարմինները պետք է զբաղվեն, թե ինչպես պատահեց, որ դատարանը այդ որոշումը կայացրեց։ Այդ որոշումը կայացվեց այն պայմաններում, երբ քրեական գործում նաեւ բազմաթիվ ապացույցներ կային, որ նաեւ այլ հանցանքների հետ որոշակի առնչություն ունի Աբգարյանը, եւ որ հանցանքներ կատարելու ռիսկն էր շատ մեծ»։
Լուսինե Սահակյանը շեշտեց, որ առաջին ատյանի դատարանի կայացրած նման որոշումը պետք է բեկանվի. «Կարծում եմ, որ պաշտպանական կողմն արդեն իսկ գիտակցում է դա, եւ դրանով է պայմանավորված, որ պաշտպանական կողմն արդեն 1 ամիս է՝ անընդհատ ձգձգում է դատական նիստերը։ Պաշտպանական կողմն անգամ գրավոր առարկություն չի ներկայացնում եւ նշում է, որ իրենք ունեն առարկություններ»։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Բեքթաշյանի, այսօր՝ մայիսի 11-ին, քննվում էր «Ալավերդցի Վահագ» մականունով հայտնի Վահագն Աբգարյանին ազատ արձակելու՝ առաջին ատյանի որոշման դեմ տուժող կողմի իրավահաջորդների բողոքը, ինչը, սակայն, հետաձգվեց, քանի որ գործով ամբաստանյալ Աբգարյանն ուներ նոր պաշտպաններ, որոնք էլ գործի նյութերին ծանոթ չէին։
Ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով։











