Մենք մարտին ունեինք հաշվարկ, որ եթե իրադարձությունները զարգանան իտալական սցենարով, մեկ ամսվա ընթացքում մենք կունենայինք 10 հազար մահ. մենք համոզված չէինք, որ այդ սցենարով կընթանա, հիմա էլ համոզված չենք դրանում: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչքան էլ մեր ռազմավարությունը լինի սահմանափակումներին չվերադառնալը, այդուհանդերձ, կարող է մենք ստիպված լինենք գնալ այդպիսի որոշման:

Կա մի պարագա, երբ դա տեղի կունենա, երբ որ սիմպտոմով հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու մեր կարողությունները սպառենք: Այսինքն եթե պարզվի, որ ՀՀ-ում կա 1500 հիվանդ, որոնք ասիմպտոմ չեն, մենք ստիպված կլինենք վերադառնալ սահմանափակումների ռեժիմին: Այսօրվա 2000-ից ավելի դեպքերից միայն 600-ն են, որ որեւէ բուժօգնության անհրաժեշտություն ունեն»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այս պահին թոքային օդափոխության սարքին միացված ընդամենը 6 պացիենտ կա, իսկ Հայաստանում արդեն առկա է 100 այդպիսի սարք, եւս 70-ը գնման գործընթացում է: