Ինչպես նախորդ հատոիկ նիստերի գումարման ժամանակ, երբ արտակարգ դրության երկարացման պահանջ ներկայացվեց կառավարության կողմից, մենք արդեն իսկ արձանագրել էինք, թե սահմանադրության որ կետերի համաձայն է օրենքի խախտում տեղի ունենում ու նույնը խմբակցության ղեկավարի կողմից արձանագրվել է այսօր։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
«Ուզում եմ նշել, որ մենք քաղաքական բոյկոտի հայտարարություն չենք արել, մենք ուղղակի տեղի ունեցած միջադեպից հետո չենք ներկայանում նիստերին, եւ դա մեր իրավունքն է։ Ցանկացած պատգամավոր իրավունք ունի ներկայանալ կամ չներկայանալ՝ լինի դա լիագումար, թե արտահերթ նիստ եւ դա որեւէ կերպ չի խոչնդոտում իր պատգամավորական գործունեությանը։ Այս պահին դեռ չունենք քաղաքական վերջնական որոշում, թե հետագայում ինչպես ենք շարունակելու»,–ասաց նա։
Պատգամավորն անդրադարձավ մայիսի 8–ին ԱԺ դահլիճում տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություններին, այդ թվում վարչապետի մեկնաբանությանը. «Բոլորիս հայտնի է, որ վարչապետ Փաշինյանը ցանկացած ձեւ կարող է մեկնաբանել, եւ դա շատ սյուբեկտիվ մեկնաբանություն է։ Մենք մեր հույսը դնում ենք այն քաղաքացիների վրա, որոնք իրականությունը կարողանում են ճիշտ գնահատել, եւ այդ քաղաքացիները քիչ չեն։ Ամեն օր տարբեր նամակներ ենք ստանում, ուզում եմ զերծ մնալ հազարավոր ասելուց, որովհետեւ այդ բառը լսելիս որոշակի շրջանակներ մի տեսակ ջղաձգվում են։ Եթե հանրագումարով վերցնենք հազարների հասնում են. եւ նամակները, եւ զանգերը քաղաքացիների կողմից սատարման, օժանդակման հորդորներով, որ մենք ձեզ հետ ենք։ Այն տրամադրությունները, որ ստեղծվում է սոցցանցերում, դա ամբողջ իրականությունը չէ, ռեալ կյանքում պատկերը մի փոքր այլ է։ Խորհրդարանում բնականոն աշխատանքները շարունակելը կախված է իշխանության կողմից տրվող երաշխիքներից, որեւէ կերպ մենք չենք կարող վստահ լինել, որ կին կանգնած լինի ամբիոնում նույնակերպ դրսեւորում չի լինի հակառակ կողմից»։
Կոստանյանն անդրադարձավ նաեւ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ ինքը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե Էդմոն Մարուքյանն էլ վայր դնի. «Մանդատը տղայական հավաքների ընթացքում ձեռք բերված կրեդիտ չէ։ Մանդատը տրված է ժողովրդի կողմից, որքան էլ որ տարբեր մարդիկ շահարկում են, որ այն 80 հազար քվեն, որ ստացել է ԼՀԿ–ն, դա ի շնորհիվ ինչ–որ մեկի, կամ ինչ–որ մի ուժի է, այդպես չէ, որովհետեւ քաղաքացիները պետք է ընդունեն, տվել են քվե եւ մենք տեր ենք այդ քվեին եւ այդ մանդատը այդ քաղաքացիների ձայնն է եւ ներկայացուցչության երաշխիքն ԱԺ–ում»։











