Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4044 դեպք: Մեկ օրում վարակվածների թիվն աճել է 184-ով: Համաճարակի սկզբից սկսած մահացել է 52 մարդ: Չնայած մեղմացումներին, պարետատունը մտցնում է նոր սահմանափակումներ՝ խանութներում եւ տրանսպորտում դիմակների պարտադիր կրում, որը գործելու է մայիսի 18-ից, տաքսիի առջեւի նստատեղում նստած ուղեւորով երթեւեկության արգելք, 5 մարդուց ավելի մարդկանց խմբերի հավաքի արգելում: Նախատեսվում է, որ բացվելու են մանկապարտեզները, չնայած աշխատելու են բազմաթիվ կանոնների հետեւելով: Դպրոցները փակ են մնում:
Եվ ահա, նշված սահմանափակումների պայմաններում մայիսի 15-ի առավոտյան միջոցառում է անցկացվել մեծ թվով մանուկների մասնակցությամբ: Դատելով NEWS.am-ի ստացած կադրերից՝ միջոցառման կազմակերպիչները, պատկերավոր ասած, բանի տեղ չդնելով պարետատան բոլոր ցուցումները, հավաքել էին մեծ թվով երեխաների: Մեզ հայտնի չէ, թե ինչ ուրախալի իրադարձություն էին նշում, եւ ուրախության պատճառների ու կազմակերպիչների ինքնության պարզմամբ վերապահում ենք զբաղվել պարետատան կարգադրությունների կատարման համար պատասխանատու մարմիններին:
Փաստը մնում է փաստ, որ մեծահասակ տիկնայք երեխաներին հավաքել էին ինչ-որ իրադարձություն նշելու: Ուրախության ենթադրյալ մեղավորը (վանդակավոր վերնահագուստով կինը) տեսանյութում համբուրում է մեծերին, հետո երեխաներին: Բոլորը համերաշխ գրկախառնվում են, երեխաները վանկարկում են՝ «շնորհավորում ենք»: Հետո դասական ժանրի համաձայն՝ տիկինը «երեխաներին պաղպաղակ» բաժանեց եւ նվեր ստացավ ծաղիկներ: Խոսք անգամ չկա որեւիցե սեցիալական հեռավորության պահպանման մասին, դիմակների մասին՝ եւս:
Տեսանյութը հերթական անգամ վկայում է քաղաքացիական գիտակցությանը, կարգապահությանը եւ պատասխանատվությանը դիմելու ցածր արդյունավետության մասին: Մինչ ոմանք, չնայած զգալի անհարմարություններին, դիմակներ են կրում, ինքնամոռաց լվանում եւ ախտահանում են ձեռքերը, մյուսները ոչ պակաս ինքնամոռացությամբ խախտում են համաճարակի պայմաններում վարքագծի հնարավոր եւ անհնար բոլոր կանոնները:











