Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաճարակաբանները պնդում են, որ բժշկական դիմակներ պետք է կրեն հիվանդ կամ հիվանդներին խնամող մարդիկ եւ բուժհաստատությունների աշխատակիցները, եւ, որ առողջ մարդկանց դիմակի՝ ոչ ճիշտ կամ երկարատեւ օգտագործումը կարող է առողջական լուրջ վնասներ հասցնել։ Երբ վարակի մասին լուրեր տարածվեցին, եւ երկրում դիմակի դեֆիցիտ կար ՀՀ առողջապահության նախարարն ու վարչապետը նշում էին, որ առողջ մարդկանց համար դիմակ կրելը պարտադիր չէ, իսկ Արսեն Թորոսյանը մասնագիտորեն մեկնաբանում էր, որ վիրուսն այնքան փոքր է, որ կարող է դիմակի ծակոտիներից էլ անցնել, ասաց նաեւ, որ դիմակը չի պաշտպանում վարակից, ուղղակի նրա համար է, որ մարդը ձեռքը մեխանիկորեն չմոտեցնի բերանին եւ քթին։ Այժմ, երբ դիմակ է ներկրվել, երկրում էլ տեղական արտադրություն է սկսվել, դիմակ կրելը դարձավ պարտադիր։ Ի դեպ, այն չի կարելի կրել 3 ժամից ավելի, դեղատներում 1 հատն արժե 200 դրամից ոչ պակաս, ո՞րն է այս պատմության տրամաբանությունն ու այսքան հակասությունների պատճառը ու ինչպե՞ս է հիմնավորում ոչ փակ տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտությունը, եթե կա մասնագիտական հիմնավորում, որ այն ուղղակի վնասում է մարդուն։ Այսպիսի հարց հնչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ ասուլիսի ժամանակ:

Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսային համաճարակի մեկնարկից ի վեր՝ վիրուսի վերաբերյալ գիտելիքներն անընդհատ եւ նրա դեմ պայքարի մեթոդների եւ դրանց արդյունավետության վերաբերյալ գիտելիքներն անընդհատ թարմանում եւ փոխվում են. «Մի պահ եղավ, երբ բոլորը ոգեւորված էին մալարիայի դեմ օգտագործվող դեղամիջոցով կորոնավիրուսը բուժելուն, նույնիսկ մի քանի տեղ հայտարարել էին արդեն, բայց հետո այդ հայտարարություններից սկսեցին նահանջել եւ հիմա այդ հարցում նույնպես անորոշությունները շատ են։ Կորոնավիրուսի պայմաններում ո՞վ է առողջ մարդ, ո՞վ գիտի՝ ինքն առո՞ղջ է, թե՞ ոչ։ Այս վիրուսի ամբողջ տրամաբանությունն ու նենգությունը հենց դրա մեջ է, որովհետեւ դեպքերի 70 տոկոսն ախտանիշներ չունի»։

Վարչապետը նշեց, որ դիմակների՝ կրել կամ չկրելու, վնասակար կամ ոչ վնասակար լինելու վերաբերյալ նույնիսկ ակադեմիկոսներն են միմյանց հետ վիճում. «Մի բան հստակ է, որ խոսքը ոչ այնքան չվարակվելու մասին է, ինչքան ուրիշներին չվարակելու մասին։ Այո, եղել է ժամանակաշրջան, որ դիմակ չի եղել։ Եթե չեմ սխալվում, պարտադիրությունը վերաբերում է փակ տարածքներին։ Մենք այսօր արձանագրում ենք, որ 1 տարի նվազագույնը այս վիրուսային պայմաններում ենք լինելու։ Այո, ճգնաժամ է եւ բոլորս պետք է մեզ նեղություն տանք, տուժենք, վնասներ կրենք, որպեսզի հաղթահարենք այս ճգնաժամը, որ սա չդառնա ազգային աղետ»։