Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն ընթանում է տեսակոնֆերանսի ռեժիմով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

Օրակարգում ընդգրկված է 10 հարց, այդ թվում՝ 2020-2021 թվականներին ԵՏՄ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների, 2019 թվականին ԵՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման, անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի եւ 2019 թվականին դրանցում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխման համար կիրառվող միջոցառումների վերաբերյալ ԵՏՀ տարեկան հաշվետվության մասին հարցերը:

Նախատեսվում է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը կհաստատի մինչեւ 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամները կքննարկեն միության պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից ԵՏՄ մյուս պետության տարածքում տեղակայված կետերի միջեւ ավտոմոբիլային բեռնափոխադրումների կատարման փուլային ազատականացման ծրագրի իրականացումը:

Օրակարգում ընդգրկված է նաեւ ԵՏՀ կադրային կազմի ձեւավորման մեխանիզմի հստակեցման առումով ԵՏՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունը: