ԵՄ-ը մտադիր է երկու անգամ կրճատել ագրոհամալիրում պեստիցիդների եւ հակաբիոտիկների կիրառումը՝ շրջակա միջավայրի եւ մարդու առողջության պաշտպանության համար: Այս մասին ասվում է կենսադիվերսիֆիկացման մասին Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված ագրարային ռազմավարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե պանդեմիան մեզ ինչ-որ բան է սովորացնում, ապա դա այն փաստն է, որ մենք պետք է վերանայենք մեր գլոբալ վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ: Այդ վերաբերմունքը պետք է առավել կայուն լինի»,-ասել է Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը:
Տվյալ նախաձեռնությունը ենթադրում է մինչեւ 2030 թվականը 50%-ով քիմիական պեստիցիդների օգտագործման կրճատում, 20%-ով պարարտանյութերի կրճատում եւ 50%-ով ձկնաբուծության եւ կենդանաբուծության մեջ հակաբիոտիկների կիրառման կրճատում:
Եթե այդ ռազմավարությունը ստանա Եվրախորհրդարանի եւ ԵՄ բոլոր 27 պետությունների հավանությունը, ապա դրա իրականցումը կսկսվի 2021 թվականից:
Գործնականում այդ ռազմավարության իրականացումը կարող է զգալիորեն բարձրացնել գյուղատնտեսական արտադրանքի որակն ու նվազեցնել դրա վնասակար ազդեցությունը մարդու առողջության վրա:
Եթե այդ ռազմավարության իրականացումը չհանգեցնի եվրոպական ագրարային համալիրի սնանկությանը արտադրանքի ինքնարժեքի պատճառով, ապա դրա հետեւանք կդառնա արտադրանքի սպառողական գների աճն ու ագրարային ավելցուկային արտադրանքի վերացումը: Տվյալ ռազմավարության իրականացման առանձին արդյունք կլինի եվրոպական ագրարային շուկայի վետերինար եւ ֆիտոսանիտարական ստանդարտների բարձրացումը: Դա Բրյուսելին հնարավորություն կտա գրեթե ամբողջությամբ արգելափակել այդ շուկա արտասահմանյան արտադրանքի հասանելիությունը:





























