Քանի դեռ Հայաստանի արդարադատության նախարարությունը համապատասխան համակարգ եւ պայմաններ չի ստեղծում քրեական եւ այլ գործերի էլեկտրոնային եղանակով անվտանգ կերպով դատարան տեղափոխվելու համար, նման օպերացիաներ չպետք է իրականացվեն: Այս մասին հունիսի 2-ին Ազգային ժողովի նիստին «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Ընդ որում, նա ընդհանուր առմամբ ողջունեց օրենսդրական նման նախաձեռնությունները: «Այնուամենայնիվ, եթե այդ նյութերը գաղտնի տեղեկատվություն պարունակեն, որը նախատեսված է միայն համապատասխան մարմինների եւ դատարանների համար, ապա այդպիսի գործերը ոչ մի դեպքում չպետք է էլեկտրոնային եղանակով փոխանցվեն»,- շեշտեց պատգամավորը:





























