Լիցքավորման ուրիշի կամ ոչ բնօրինակ սարք օգտագործելը կարող է վնասել սմարթֆոնը եւ նպաստել անձնական տվյալների կորստին: Այս մասին Prime գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Ֆինանսական կառավարման բարձրագույն դպրոց»-ի վերլուծական հետազոտությունների բաժնի ղեկավար Միխայիլ Կոգանը:

Կոգանը նշել է սմարթֆոնի համար լիցքավորման ոչ համապատասխան սարք օգտագործելու երկու բացասական հետեւանքները՝ անսարքությունների հավանականություն եւ անձնական տվյալների արտահոսք: «Շատ տեխնիկական փորձագետներ խորհուրդ են տալիս օգտագործել բնօրինակ լարեր, այլ ոչ թե դրանց չինական էժանագին տարբերակները, որոնք կարող են չհամապատասխանել վոլտաժով, լարման միջակայքով եւ հաճախականությամբ»,- ընդգծել է մասնագետը: Ըստ նրա, «ոչ հարազատ» լիցքավորիչները եւ մալուխները կարող են հրդեհավտանգ իրավիճակ ստեղծել։

Կոգանը նշել է, որ որոշ լիցքավորիչներ եւ մալուխներ լրտեսական ծրագրային ապահովում ունեն, որը թույլ է տալիս լիցքավորման ժամանակ կոտրել սարքը։ Կոտրելու գործընթացն աննկատ է տեղի ունենում, հաքերը նաեւ կարող է ոչնչացնել հեռավար ներկայության հետքերը։

Նա օգտատերերին կոչ է արել զգուշորեն օգտագործել հասարակական վայրերում տեղադրված լիցքավորման կայանները։ Չարագործները կարող են իրենց նպատակների համար անկատելիորեն օգտագործել լիցքավորման սարքերը։ Կոգանը նկատել է, որ պետք է զգուշորեն օգտվել նաեւ անվճար Wi-Fi-ից։

Ընդ որում, նա հայտարարել է, որ պետք չէ պարանոիկ լինել եւ անընդհատ անհանգստանալ սարքը կոտրելու սպառնալիքի կամ անձնական տվյալների արտահոսքի համար։ Օրինակ՝ մասնագետը ոչ մի վատ բան չի տեսնում նրա մեջ, որ օգտատերերը ծանոթներից լիցքավորման լար վերցնեն, եթե վստահում են նրանց։