Սոցիալական ցանցերում կազմակերպվում է անպարկեշտ գրոհ բոլոր նրանց հանդեպ, որոնք համարձակվում են ասել, որ օրինակ, մենք ունեինք այսքան թվով հիվանդներ, որ հերթի մեջ սպասում են հիվանդանոցներին: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երբ Առաջին համալսարանական հիվանդանոցը դեռ մարտին հայտարարեց, որ պատրաստ է ընդունել հիվանդներ, երբ «Նաիրի» ԲԿ-ն, Անատոլի Գնունին հայտարարեց, որ իրենք եւս պատրաստ են եղել։ Ինչո՞ւ այդ ռեսուրսը չի օգտագործվել եւ ո՞վ է դրա համար պատասխանատու։ ի վերջո գալու է, չէ՞, ժամանակը, որ եթե ոչ մենք, ապա մահացած քաղաքացիների հարազատները հարցնելու են՝ ով էր մեղավոր, հարազա՞տն էր մեղավոր, որ ուշ ահազանգեց, թե՞ մնացած պատկան կառույցներն էին մեղավոր, որ մարդը ուշ հասավ հիվանդանոց եւ մահացավ։

Ի վերջո այսօր էլ, քիչ առաջ ես էլի ստացա ահազանգեր քաղաքացիներից, որ խնդրում եմ, պարոն նախարար, ճշտեք, որ շտապօգնությունը հրաժարվում է քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց: Առաջարկում են՝ հիվանդանոցի հետ պայմանավորվեք, եթե հիվանդանոցը ձեզ կընդունի, դուք մեզ ասեք, նոր մենք կգանք, հիվանդին կտանենք։ Սա տարբերակ չէ, սա ճանապարհ չէ։ Մենք ինքներս, կարծեմ նաեւ պատգամավորները տեսան այն ահազանգը Գեորգի անունով քաղաքացու, որ աղաղակում էր սոցիալական ցանցում, ասում էր՝ փրկեք ինձ, օգնեք եւ լավ էր, որ դուք նաեւ արձագանքեցիք, նրան տեղափոխեցին մարզային հիվանդանոցներից մեկը։ Հիմա ի՞նչ, ամեն մեկը պիտի իր տանը նստած գոռա, ասի եկեք, մեռնում եմ, շտապօգնությունը չի տեղափոխում, որպիսի մենք կարողանանք այս խնդիրները լուծել»,-ասաց Զոհրաբյանը: