Facebook-ը հայտարարել է, որ այժմ Բրազիլիայում WhatsApp-ի օգտատերերին հասանելի է մեսենջերի միջոցով դրամական փոխանցումների գործառույթը, հայտնում է «Փրայմ»-ը։

«Այսօր մենք սկսում ենք վճարումների մեկնարկն այն մարդկանց համար, ովքեր օգտագործում են WhatsApp-ը Բրազիլիայում»,- սոցցանցի իր էջում հայտնել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը: Նոր գործառույթը թույլ կտա նաեւ փոքր ձեռնարկություններին վաճառքներ իրականացնել մեսենջերի միջոցով, նշել է Ցուկերբերգը:

Ինչպես հայտնել է Facebook-ի ղեկավարը, դրամական փոխանցումները հասանելի են դարձել Facebook Pay վճարային համակարգի շնորհիվ, որն ապահովում է անվտանգ փոխանցումներ: Facebook Pay սեփական վճարային համակարգի գործարկման մասին սոցցանցն առաջին անգամ հայտնել էր 2019-ի նոյեմբերին:

Ցուկերբերգը նաեւ շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ Banco do Brasil-ին, Nubank-ին, Sicredi-ին եւ եւ Cielo-ին։ Երկուշաբթի ավելի վաղ Mastercard-ը հայտարարել էր, որ Mastercard վճարային համակարգով Nubank եւ Sicredi քարտապանները առաջիններից են Բրազիլիայում, ովքեր կարող են օգտվել WhatsApp դրամական փոխանցումների ծառայությունից: