Մուհամմեդկալի Աբիլգազիեւը հրաժարական է տվել Ղրղզստանի վարչապետի պաշտոնից, հայտնում է Sputnik-Ղրղզստանը՝ հղում կատարելով կառավարության մամուլի ծառայությանը։ Հիշեցնենք, որ նա նախարարների կաբինետի ղեկավար էր ընտրվել 2018թ․ ապրիլի 20-ին։

«Կառավարության հասցեին հնչող մեղադրանքների կապակցությամբ, որոնք կապված են ռադիոհաճախականության ռեսուրսների երկարաձգման եւ նորացման հետ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության շահերից ելնելով եւ քննչական մարմինների վրա ճնշում գործադրելու մեղադրանքներից խուսափելու համար, ես որոշեցի կարճաժամկետ արձակուրդ վերցնել:

Արդեն ասել եմ եւ ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ որեւէ կապ չունեմ այս գործի հետ, իսկ իմ հասցեին հնչող մեղադրանքները որեւէ հիմք չունեն: Իմ երկշաբաթյա արձակուրդի ընթացքում քննչական մարմինները որեւէ հարցով ինձ չեն դիմել: Վստահ եմ, որ հետաքննությունը ամեն ինչ իր տեղը կդնի եւ կպարզի օրենքի խախտման իրական մեղավորներին:

Ցավոք, հետաքննությունը դեռեւս չի ավարտվել: Այսօրվա բարդ պայմաններում, երբ երկիրը դիմակայում է կորոնավիրուսի վարակի սպառնալիքին եւ պայքարում է տնտեսության համար դրա հետեւանքների դեմ, կառավարությունը պետք է աշխատի կայուն եւ վայելի քաղաքացիների լիարժեք վստահությունը, իսկ անորոշության իրավիճակը խանգարում է կառավարության լիարժեք աշխատանքին: Ելնելով այս նկատառումներից, ես որոշեցի վայր դնել վարչապետի պարտականությունները»,- ասվում է Աբիլգազիեւի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին պատգամավոր Ժանար Ակաեւը «Ժոգորկու Կենեշե»-ում հայտարարել էր, որ կառավարությունն էժան վաճառել է երկու ռադիոհաճախականություն: Ըստ խորհրդարանականի՝ վաճառքը չէր կարող իրականացվել առանց վարչապետի թույլտվության: Նա այդ գործարքներից վնասը գնահատել էր 5 միլիարդ սոմ: Հաջորդ օրը խորհրդարանում Աբիլգազիեւը պատասխանել էր մեղադրանքներին:

Ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Կապի պետական գործակալությունում կոռուպցիայի գործով ձերբակալվել է հինգ անձ, այդ թվում՝ ԱԱՊԿ աշխատակիցներ:

Մայիսի 27-ին Աբիլգազիեւը կարճաժամկետ արձակուրդ էր վերցրել, որպեսզի խուսափի նշված գործի քննության վրա ճնշում գործադրելու մեղադրանքներից: