Ապացույցների բավարարության հարցի քննարկման ժամանակ ցանկացած պատգամավորի մեղադրանք առաջադրելու համար ապացույցների բավարության շեմը շատ ավելի բարձր է դրվում։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցերին։
«Փաստորեն, «Երեւանշին» ՍՊԸ-ում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերված փաստաթղթերն են։ Մյուսը Վազգեն Պողոսյանի ցուցմունքն է։ Այս երկու փաստերը ձեռք են բերվել փետրվա՞ր ամսին, որովհետեւ գործը հարուցվել է հունիսի 10-ին։
ՄԻԵԴ-ը մի շարք գործերով դիրքորոշում է հայտնել, որ հիմնավոր կասկած եզրույթը նշանակում է այնպիսի փաստարկների եւ տեղեկությունների առկայություն, որոնք բավարար կլինեն անաչառ դիտորդին համոզելու, որ տվյալ անձը կատարել է հանցագործություն։ Եթե խոսքը չգնար Գագիկ Ծառուկյանի մասին, այլ խոսքը գնար հասարակությանն անհայտ մի քաղաքացու մասին. արդյոք այդ փաստաթղթերը բավարար կհամարեի՞ք այդ քաղաքացուն մեղավորության կամ հանցագործության մեջ համոզելու անաչառ դիտորդին»,- հարցրեց Խաչատրյանը։
ՀՀ գլխավոր դատախազն ասաց. «Ապացույցների բավարարության հարցի քննարկման ժամանակ ցանկացած պատգամավորի մեղադրանք առաջադրելու համար ապացույցների բավարության շեմը շատ ավելի բարձր է դրվում, որովհետեւ հանրության առաջ այս ամբիոնում մեղադրանք եմ պաշտպանում, հետեւաբար թե Գագիկ Ծառուկյանը եթե լիներ հանրությանն այնհայտ մեկը, ուրեմն ոչ մի տարբերություն չկար, ավելի վաղ կհարուցվեր քրեական հետապնդումը, որովհետեւ այսպիսի խոչընդոտներ հաղթահարելու անհրաժեշտություն չէր առաջանա։ Ամենավճռական նշանակություն ունեցող առանցքային ապացույցները միչեւ երեկ՝ ուշ երեկոյան դեռեւս հավաքվում էին։ Առանցքային ապացույցները որ պահին բավարար եմ համարել, այդ պահին էլ միջնորդությունը նախաձեռնել եմ։
Արկադի Խաչատրյանը հարցրեց՝ արդյոք դատախազի ասածը բավարա՞ր է հասարակությանն ամբողջությամբ համոզելու եւ վստահություն առաջացնելու, որ այս ամենը բացարձակապես իրավական գործընթաց է։
Դավթյանն ասաց. «Երբ այս գործընթացը նախաձեռնվեր եւ ձեր վկայակոչած ժամանակագրությունը չլիներ, պարզ է, որ չէին հնչի այսպիսի հարցադրումներ։ Ես այս փուլում չեմ կարող ավելին ներկայացնել, եթե որեւէ մեկի մոտ կասկած կմնա ժամանակագրական առումով, ես ցույց կտամ ժամանակագրությամբ հունիսի 15-ի իմ միջնորդությունը եւ այդ օրը ձեռք բերված ապացույցները»։





























