Հիմա որ Արսեն Թորոսյանը ներողություն խնդրեց, դա միայն բարոյակա՞ն հարց է, թե՞ պետք է դրան ինչ-որ բան հետեւի: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Ամբողջ աշխարհում դատի են տալիս մահերի համար, այս գործընթացը էստեղ էլ է գալու: Շատ բնակա՞ն էր, որ էդքան մահեր պետք է լինեին, թե՞ կարող էինք խուսափել»,-ասաց նա:

Մելքումյանի խոսքով, մենք մի մեծ մեքենայի մեջ ենք եւ չենք կարող հանդուրժել, որ մեքենան գլորվի ձորը. «Մեքենան հիմա արգելակներ չունի, քաղաքական իշխանության արգելակները չի աշխատում: Այս իրավական գործ կարելը եւս մեկ անգամ ասում է, որ մենք քաղաքական պայքար չենք տանում, այս գործիքը օգտագործելու ենք քաղաքական նպատակների համար: Այս գործիքը 1990-ականներին կոչվում էր ոստիկանապետություն»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: