Հայաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավարին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն եւ քվեարկել է խարդախության կասկածանքով նրան ձերբակալելու օգտին, գրում է New York Times-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Գագիկ Ծառուկյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը եւ Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկը, հերքում է ցանկացած խախտում: Նա խորհրդարանում հայտարարել է, որ այդ գործողությունները քաղաքական դրդապատճառ ունեն:
Ծառուկյանը հետաքննության է ենթարկվում Ազգային անվտանգության ծառայության կողմից՝ քվեներ գնելու, խարդախության եւ ապօրինի հող յուրացնելու կասկածանքով: Անցած կիրակի օրը նրա տունը խուզարկության էր ենթարկվել, եւ նա հարցաքննվել էր։
Վերջերս Ծառուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությանը մեղադրել է ոչ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու եւ կորոնավիրուսի համաճարակի դեմ արդյունավետ պայքարելու անկարողության համար։
3 միլիոն բնակչությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի17 499 հաստատված դեպք եւ 293 մահվան դեպք: Այն Հարավային Կովկասի տարածաշրջանի վարակից ամենատուժած երկիրն է: Կառավարությունը սպասում է, որ տնտեսությունն այս տարի կկրճատվի 2%-ով, նախկինում կանխատեսված 4,9% աճից հետո:
Փաշինյանն ու նրա կուսակցությունը իշխանության են եկել երկու տարի առաջ՝ կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ խաղաղ հեղափոխությունից հետո, որին վերջում աջակցել է Ծառուկյանը:
Ծառուկյանի կուսակցությունը 2018թ․ դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններում ստացել է 132 պատգամավորական մանդատներից 26-ը: Դրա անդամներից ոմանք ներառվել են Փաշինյանի կառավարությունում, սակայն շուտով ազատվել են աշխատանքից»,- նշվում է հոդվածում։





























