Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսը հայտնել է, որ նրա հանձնած կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական արդյունք է ցույց տվել: Համապատասխան հայտարարությունը նա արել է երեքշաբթի օրը ազգային հեռուստատեսությամբ իր ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Որպես երկրի նախագահ եւ պատասխանատու քաղաքացի՝ ուզում եմ հայտնել, որ հանգստյան օրերին ես ինձ այդքան էլ լավ չէի զգում: Այսօր՝ հունիսի 17-ին, ինձ տեղեկացրին, որ ես վարակված եմ կորոնավիրուսով»,- ասել է նախագահը:
Էրնանդեսը նաեւ նշել է, որ փորձագետները նրան հանգիստ են խորհուրդ տվել, սակայն նա կշարունակի աշխատել հեռավար կարգով եւ աշխատակիցների օգնությամբ: Հոնդուրասի նախագահը պարզանաբենլ է, որ իր մոտ հիվանդության մեղմ ձեւ է, նա արդեն սկսել է դեղամիջոցներ ընդունել եւ իրեն լավ է զգում:
Նախագահը հավելել է, որ իր կինը՝ Աննա Գարսիան, նույնպես վարակվել է: «Նրա հիվանդությունն ասիմպտոմատիկ է»,- ասել է նա: Նախագահի աշխատակիցներից երկուսը եւս բուժում են անցնում:
Համավարակի սկզբից ի վեր աշխարհում մոտ 8 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 430 հազար մարդ մահացել է: Հոնդուրասում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր մարտի 11-ին: Ներկայումս երկրում գրանցվել է վարակման ավելի քան 10 հազար դեպք, մահացել է ավելի քան 300 մարդ:





























