Վերջին օրերին Հայաստանում ընթացող գործընթացները բավական ցավոտ եւ վտանգավոր իրողություններ են բացահայտում: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Հանուն հանրապետության» նախաձեռնության ղեկավար, արեւմտամետ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նա նշեց, որ նման երեւույթ ամենից հաճախ կարելի է հանդիպել արտասահմանյան, առաջին հերթին՝ ռուսական հեռուստաալիքների եթերում, որոնք վերահեռարձակվում են Հայաստանում:
«Մեր ընդդիմադիր պատգամավորները, քաղաքագետներն ու փորձագետները, որոնք կոնկրետ քաղաքական ուղղվածություն ունեն, սեւացնում են հայկական պետականությունը: Այդ ամենը տեղավորվում է պարզագույն, էժան եւ հակապետական տրամաբանության մեջ: Այդ սխեման պարզ է: Նախ նրանք վազում են երկրի դեսպանի մոտ, որը նրանց ֆինանսավորում է (նկատի ունի ՌԴ դեսպանին, որը նախօրեին ընդունել է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներին,-խմբ.), դեսպանին տրամադրում բողոք՝ ընդդեմ Հայաստանի, որից հետո նրանց ցույց են տալիս ռուսական եթերում՝ այն ողողելով իրենց երկրի դեմ ուղղված կեղտոտ հայտարարություններով: Սա անթույլատրելի աշխատելաոճ է, որն արժանի է դատապարտման»,-ասաց քաղաքական գործիչը, որը բազմաթիվ հրապարակումների համաձայն, սերտ կապ ունի ԱՄՆ դեսպանատան հետ:
Պատգամավորի խոսքով, ով երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, այդ բոլոր գործիչները նախընտրել են արտասահմանյան օգնություն՝ այդպիսով ցույց տալով, որ իրենք տեղ չունեն Հայաստանում:
Նշենք, որ Արման Բաբաջանյանը սկանդալային օրենսդրական նախաձեռնության համահեղինակն է: Նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դեմ:




























