Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում ինտերնետ հասանելիության տարածման հետեւանքով .am տիրույթյում դրական փոփոխություններ են սկսել նկատվել։ Բացվում են նորանոր կայքեր, այսինքն՝ համացանցում ավելանում է հայկական բովանդակությունը կամ, ինչպես մասնագետներն են անվանում կոնտենտը։ Սակայն կայքերի ավելացմանը զուգահեռ չի ավելանում կայքերի այցելուների ու այցելությունների քանակը։ Ստացվում է հետեւյալ պատկերը, կոնտենտը կա, բայց դրանից օգտվող չկա։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, հայաստանցի ինտերնետ օգտագործողը օգտվում է օտար աղբուրներից։ Պատճառները մի քանիսն են, բայց հիմնականն այն, որ Հայաստանում զարգացած չեն կայքերի ցանցին ինտեգրման գաղափարները։ Գործարարները, ընկերությունները, որոնք կայք են պատվիրում, համոզված են, որ եթե կայքը կա, ուրեմն դա բավարար է։ Կայքի մասին ասում են մի քանի հոգու, հետո խնդրում, որ նրանք էլ իրենց ընկերներին տեղեկացնեն, ու արդյունքում .am տիրույթի կայքերի զգալի մասը ունենում է օրական մոտ 50-100 այցելու, եւ լավագույն դեպքում մոտ 500 այցելություն։ Իհարկե վերջին շրջանում Facebook սոցիալական ցանցում կայքերը գովազդելու որոշ փորձեր արվում են, բայց դա էլ քիչ է։

Օգտագործողին շատ դժվար է «ստիպել», որ նա հիշի եւ բրաուզերում հավաքի կայքի անվանումը։ Ինչ խոսք, ավելի բարդ է օգտագործողին «ստիպել», որ նա հիշի ոչ միայն անվանումը, այլեւ համապատասխան էջի անվանումը (URL)։ Արտասահմանում այս հարցի լուծումը մի քանի տարբերակով են լուծում։ Դրանցից մեկը՝ թրաֆիկի փոխանակման համակարգն է, որտեղ գործում է հետեւյալ սկզբունքը, մասնակից կայքերում համապատասխան տեղեկատվական վահանակներ են տեղադրվում, որոնցում ներկայացվում են մյուս կայքերի բովանդակությունը։ Հայաստանում օրերս բացվել է նմանատիպ մի համակարգ, որը գեներացնում է բացարապես հայկական կոնտենտ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում համակարգի ստեղծող Լյուդվիգ Մախյանը նշեց, որ xNet.am-ը 4 օր աշխատանքի արդյունքում արդեն հետ է վերադարձրել իրեն ուղղված թրաֆիկի 243%։ «Այստեղ գաղտնի ծրագիր չի աշխատում։ Ցանկացողները գրանցվում են համակարգում, իրենք են որոշում, թե իրենց կայքի կոնտենտից ի՞նչն են ցանկանում ներկայացնել մյուս կայքերում, իրենք են նկարն ու վերնագիրը դնում»,-ասաց Մախյանը՝ ավելացնելով, որ ներկայումս 20 կայք է գրացված համակարգում։

Ըստ նրա՝ նման համակարգերը մասնակից կայքերի թրաֆիկն ավելացնում են 30-40%, ինչը  զգալի թիվ է ցանկացած կայքի համար։