Համաձայն չեմ ընդդիմադիր քաղաքական գործիչների այն կարծիքի հետ, որ Հայաստանում սոցիալական, տնտեսական եւ քաղաքական ճգնաժամ է տիրում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ Հայաստանում չկա ճգնաժամ, սակայն հետո «խմբագրեց» իր գնահատականը:

«Ամեն դեպքում, այն չկար 2019 թվականին: Մեկ տարվա ընթացքում, իհարկե, կորոնավիրուսի պայմաններում որոշ չկանխատեսված խնդիրներ առաջացան, եւ դրանք մինչ օրս հաղթահարվում են կառավարության կողմից»,-ասաց Միրզոյանը:

Նրա խոսքով՝ եթե չլիներ կորոնավիրուսը, ապա մենք արդեն պետք է քաղեինք անցած տարվա զարգացման պտուղները:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի այն պնդումներին, թե Հայաստանում կա նաեւ քաղաքական ճգնաժամ, Միրզոյանը վստահեցրեց, որ դա չի համապատասխանում իրականությանը:

«Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա: Հայաստանի քաղաքական դաշտը նման է մեծ շինհրապարակի, որտեղ պետք է նոր ուժեր ձեւավորվեն: Նրանք պետք է քաղաքացուն ներկայացնեն նոր քաղաքական դաշտի իրենց տեսլականը: Այդ հրապարակում պետք է լինեն միայն ազնիվ քաղաքական ուժեր: Կհանդիպենք այդ ճանապարհի վերջին, եթե գաք մեզ հետ»,-հավելեց ԱԺ խոսնակը: