Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2018 թվականին կազմակերպել եւ անցկացրել է Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: Այս մասին հունիսի 25-ին ԱԺ արտահերթ նիստում ԿԸՀ գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ դրանից բացի, 2018-2019 թվականներին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 170 համայնքներում:
Երեւանում ընտրությունների ժամանակ գործել են 475 ընտրական տեղամասեր, որտեղ աշխատել են տեղական ընտրական հանձնաժողովների 4722 անդամներ: Ընտրություններին մասնակցել են 8 կուսակցություններ եւ 4 դաշինքներ: Գրանցվել են 241 խախտումներ, որոնք հաշվառվել են համապատասխան գրանցամատյանում: Ընդ որում՝ ԿԸՀ ղեկավարը նշեց, որ մայրաքաղաքի 342 ընտրական տեղամասերում ընդհանրապես ոչ մի խախտում չի գրանցվել:





























