Հատուկ քննչական ծառայության պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, Բարձրագույն դատական խորհրդի նիստում, որտեղ քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԱՆ-ի միջնորդությունը, հայտարարեց դատավոր Ազարյանը։
«Ներկայացվածն ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում։ Պարոն նախարարն ասաց, որ իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահի դրությամբ ծանոթ է եղել դատական նիստի ձայնագրությանը։ Ես հարց ուղղեցի պարոն նախարարին, որը մնաց անպատասխան։ Իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահի դրությամբ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այնուամենայնիվ, դատական նիստի ձայնագրությանը ծանոթ չի եղել եւ վստահել է Հատուկ քննչական ծառայության պետին: Այն, որ Հատուկ քննչական ծառայության պետն իմ նկատմամբ հաղորդում ներկայացնելու պահի դրությամբ 2020 թվականի մարտի 5-ի դատական նիստի ձայնագրությանը ծանոթ չի եղել, դա կասկած չի հարուցում։ Ստացվում է, որ ՀՔԾ պետը վստահել է նախարարին, իսկ պարոն նախարարը՝ ՀՔԾ պետին»,- ասաց դատավորը։
Նա հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ ՀՔԾ մեկ այլ քննիչ, այլ գործով, նույն հիմքով իրեն ինձ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, եւ այդ միջնորդությունն ինքը մերժել է բառացի նույն պատճառաբանությամբ, ինչպես նաեւ Հատուկ քննչական ծառայության պետի մակարդակին չիջնելու վերաբերյալ հույս ունենալու արտահայտությունով. « Ինչո՞ւ Հատուկ քննչական ծառայության պետը չվիրավորվեց այն ժամանակ, եւ վիրավորվեց հիմա, գուցե այն պատճառով, որ առաջին գործով կայացրել եմ Հատուկ քննչական ծառայության դիրքորոշմանը համահունչ որոշում, իսկ այժմ՝ ոչ: Ամփոփելով ասեմ, որ ես Հատուկ քննչական ծառայության պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով»։
Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ մարտի 13-ին ներկայացրած միջնորդության համաձայն՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ապրիլի 10-ին կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ եւ մայիսի 22-ին համապատասխան միջնորդություն ներկայացրել ԲԴԽ:
Նշենք, որ կարգապահական վարույթ հարուցելու պատճառը «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանն ունի բարձր վարկանիշ, երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. հունիսի 1-ի դրությամբ՝ կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 76 միավորով:











