Ընտրության արդյունքների կամ ընտրությունների արդյունքների վրա ազդեցության տեսանկյունից այս պահին մենք նման իրավակարգավորումներ չունենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք 2017 թվականի ԱԺ ընտրությունների հետ կապված ընտրակեղծիքների բացահայտման հետեւանքով հնարավոր է չեղարկել այդ ընտրությունների արդյունքները:
«Ընտրական գործընթացից հետո սահմանված են այնպիսի իրավական կառուցակարգեր եւ դրանցով պայմանավորված շատ սեղմ ժամկետներ, որի ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովն իրականացնում է ընտրության արդյունքների վերջնական ամփոփում: Դրանից հետո նաեւ որոշակի դատական վերահսկողության համար սահմանված ժամկետներ կան: Ընտրությունների վավերականության խնդիրը նախատեսվում է այդ փուլերում առաջադրել»,-ասաց նա:
Հարցին՝ դուք ձեր մեղավորությունն զգո՞ւմ եք, որ 2017 թվականի ընտրությունները կեղծիքներով են անցել, ընտրակաշառք է բաժանվել եւ այլն, Մուկուչյանը պատասխանեց. «Ընտրակաշառքների հետ կապված ԿԸՀ-ն միշտ էլ հրապարակային ներկայացրել է իր քննադատական մոտեցումը: Ավելին, մենք համապետական ընտրությունների ժամանակ ունեցել ենք վահանակներ, որոնք ուղղակիորեն կոչ էին ընտրողներին մերժելու այդ երեւույթը՝ հիշեցնելով, որ նաեւ ընտրակաշառք ստանալը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք: Երբ ընտրությունների ժամանակ եղել են առանձին դեպքեր, ԿԸՀ-ի արձագանքը եղել է շատ օպերատիվ՝ նախազգուշացնելով համապատասխան սուբյեկտին ձեռնպահ մնալ ընտրական օրենսգիրքը խախտող գործողություններից: Իսկ այն տեղեկությունները, որոնք հայտնվել են ԿԸՀ-ի տեսադաշտում, բոլոր նման դեպքում այդ հայտարարությունները ԿԸՀ-ն ուղարկել է իրավապահ մարմիններին:
Բոլոր այն տեղամասերի հետ կապված, որտեղից եղել են դիմումներ, բողոքներ, դրանք հրապարակային քննության առարկա դարձել են ԿԸՀ նիստերի ժամանակ: Բոլոր այն գործողությունները, որոնք պարունակել են առերեւույթ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, դրանց բոլորով դիմել է իրավապահ մարմիններին»:
Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքներին, ԿԸՀ նախագահն ասաց. «Այդ արդյունքները նյութականացվում են տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Այդտեղ հաշվարկվում են այդ քվեները, արձանագրվում են եւ փոխանցվում են ԿԸՀ: ԿԸՀ-ն այդ արդյունքները հրապարակում է տեղամաս առ տեղամաս: Տեղամասերում գտնվելու իրավունք ունեցող բոլոր անձինք իրավունք ունեն պահանջելու եւ ստանալու համապատասխան քաղվածքներ այդ արձանագրություններից: Համապետական ընտրությունների ժամանակ մենք ձեւավորում ենք մոտ 2 հազար տեղամաս եւ դրա համար տրվում է մոտ 60 հազար քաղվածքի օրինակ: Այսինքն յուրաքանչյուր տեղամասին բաժին է հասնում մոտ 30 քաղվածք, որպեսզի երբեք չասեն՝ քաղվածքի բլանկ չկա:
Եթե կհայտնաբերվի որեւէ դեպք, որ այդ քաղվածքը բերվել է ԿԸՀ եւ ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ փոխել է այդ թվային ցուցանիշները, որոնք տարբերվում են տեղամասում կազմված արձանագրությունից, դա բոլորովին այլ խնդիր է: Այսքան տարի ես ԿԸՀ նախագահ եմ, չեմ հիշում նման գեթ մեկ դեպք»:
Դիտարկմանը, որ ԿԸՀ-ն գրանցել է դիտորդներ, որոնք հետագայում պարզվել է, որ այս կամ թիմի ներկայացուցիչներ են, Մուկուչյանը նշեց, որ ԿԸՀն հավատարմագրելիս հաշվի է առնում տվյակ ՀԿ-ի կանոնադրական նպատակները, իսկ եթե հետագայում այդ դիտորդը տեղամասում դրսեւորում է այլ վարքագիծ, ԿԸՀ-ն անգամ հավատարմագրումից զրկելու իրավունք չունի:











