«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի դիտարկմամբ՝ գործող օրենսդրությունը անարդար է շինարարություն իրականացնողների նկատմամբ, որովհետև վարչական կարգով կամ դատական կարգով բողոքարկման պայմաններում կասեցվում է շինարարությունների ընթացքը։

Երեկ՝ հունիսի 24-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Օրենսդրական այս փաթեթով Կառավարությունն առաջարկում է, որ երբ վարչական ակտը վիճարկի հասցեատեր չհանդիսացող անձը, ապա կասեցումը ավտոմատ կերպով չի լինի, այլ կկասեցվի միայն այն դեպքում, երբ դատարանը կբավարարի միջնորդությունը։

Իշխող ուժի պատգամավորը չի բացառում, որ գուցե գոյություն ունեն շինթույլտվություններ, որոնք ապօրինի են տրվել և դրանք պետք է վիճարկվեն դատարանում, բայց մյուս կողմից էլ չարաշահում է նկատում։

«Առարկող կողմերը երբեմն չարաշահում են իրենց իրավունքը՝ իմանալով, որ ընդամնեը մեկ դատական հայցով կարող են կառուցապատողի համար ստեղծել ահռելի պրոբլեմներ, որովհետև շինարարությունը պետք է կասեցվի մինչև գործի քննության ելքը, դիմում են նման քայլի։ Հիմա այս չարաշահումից խուսափելու համար հարկավոր է, որպեսզի միջնորդության հիման վրա քննվի այդ հարցը»,- պարզաբանեց Մարիա Կարապետյանը։

Երեկ սոցիալական ցանցերում այս նախագծի հետ կապված ակտիվ քննարկումներ եղան։ Կարծիքներ հնչեցին, որ այս փաթեթը հօգուտ կառուցապատողների է։ Մարիա Կարապետյանը չի կիսում այս կարծիքը, ավելին՝ հակառակն է պնդում։

«Ես կասեի՝ գործող վիճակը ամբողջությամբ ի վնաս կառուցապատողների է, և այն կանխավարկածով է, որ նրանց շինարարությունը իսկապես ապօրինի է։ Հիմա ավելի հավասարակշռված իրավիճակի կգանք, երբ դատարանը հնարավորություն կունենա ծանրութեթև անելու փաստարկները, թե արդյոք մինչև վերջնական վճիռը կայացնելը շինարարությունը պե՞տք է շարունակվի, թե՞ոչ»,- նկատեց նա։

Հետաքրքրվեցինք նաև՝ սահմանված ժամանակ կա՞, թե դատարանները որքան ժամանակում պետք է միջնորդությունը քննեն։ Չէ որ դատարանները ծանրաբեռնված են և գործընթացը կարող է երկար տևել։ Ըստ Մարիա Կարապետյանի՝ նման միջնորդությունները պրակտիկայում սովորաբար մինչև 15 օր են տևում։

Եթե դատարանը բավարարում է ոչ հասցեատերի միջնորդությունը, բայց այդ ընթացքում կառուցապատողը շարունակում է իր շինարարությունը, ի՞նչ է նախատեսվում այս դեպքում։ Կառուցապատողի վնասները ո՞վ է հոգալու, հետաքրքրվեցինք Մարիա Կարապետյանից։

Իշխող ուժի պատգամավոր ի պատասխան ասաց, որ առաջարկվող փոփոխությամբ այդ հարցերը չեն քննարկվում և այդ հարցերի պատասխանները կան այլ օրենքներում։

«Եթե գործի քննության արդյունքում Վարչական դատարանը որոշում է, որ շինարարությունն ապօրինի է եղել, ապա այստեղ հարցերը ուղղվում են դեպի համայնքապետարան, որն ի սկզբանե այդ շինթույլտվությունը տվել է։ Եթե կառուցապատողը առանձին գործ սկսի այդ հարցով, թե ինչո՞ւ են իրեն ի սկզբանե շինթույլտվություն տվել, եթե ինքը իրավունք չուներ կառուցապատում իրականացնելու, գուցե հնարավոր լինի համայնքապետարանից փոխհատուցում ստանալ։ Սա, կարծում եմ, նաև հավելյալ զգոնություն պետք է հաղորդի համայնքապետարանում աշխատող այն անձանց, որոնք շինթույլտվության հարցերով են զբաղվում»,- ասաց Մարիա Կարապետյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ եթե դատարանը հայցվորի միջնորդությունը մերժի, և պարզվի, որ շինարարությունը օրինական է, ապա ըստ Մարիա Կարապետյանի՝ հայցվոր կողմը չի կարող փոխհատուցում պահանջել։

Օրինագծերի փաթեթով նախատեսվում է, որ կարգավորումները կտարածվեն նաեւ դատարանների վարույթում գտնվող գործերի նկատմամբ: Այս տեսանկյունից Մարիա Կարապետյանը նշում է, որ հենց նման խնդիրների պատճառով է նման նախագծի անհրաժեշտություն առաջացել։

«Սա ռեալ կյանքից բխող օրինագիծ է, հետևաբար տարածվելու է այդ իրավիճակների վրա։ Բայց նույն հնարավորությամբ, եթե հայցվող կողմը միջնորդություն ներկայացնի, որ՝ չէ, պետք է կասեցվի շինարարությունը, ապա դատարանը հնարավորություն կունենա գնահատելու այդ արգումենտները՝ արդյոք վնասն անդառնալի՞ է և արդյոք հանրային շահի՞ն է վնասում»,- ասաց տիկին Կարապետյանը։