Պարոն Աբովյան, արտակարգ դրության ռեժիմի հետ կապված ներկայացրեցիք երեք կուսակցությունների՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք», մոտեցումը: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի ելույթին, որտեղ վերջինս հայտարարել էր, որ այդ երեք ուժերի հետ աշխատանքի արդյունքում ներկայացնում են որոշման նախագիծ՝ առաջարկելով չեղարկել հավաքները և հանրային միջոցառումները սահմանափակող որոշումը:

«ԲՀԿ-ն ՀՅԴ-ի հետ հին կոալիցոն հարաբերություններ ունի, որը բոլորը գիտեն, բայց թողեք «Հայրենիք» կուսակցությունը կայանա: Դեռ չեկիստական բաների մեջ են, դեռ կայանալու երկար ճանապարհ պետք է անցնեն: Թողեք ճանապարհ անցած կուսակցությունները իրենց օրակարգը ճիշտ կառուցեն: «Հայրենիքին» թողեք հանգիստ, որովհետեւ այնտեղ բազմաթիվ հարցականներ կան: Ես երեկ մի ֆոտո տեսա, որտեղ «Հայրենիքի» ղեկավար, մեր իշխանության ժամանակ պատոնավարած պարոն Վանեցյանը արդեն հետնամասում էր, առջեւում նստած էին նախկին այդ համակարգի ղեկավար Դավիթ Շահնազարյանը եւ այդ համակարգի քաղաքական լիդեր հայտարարած Արա Սահակյանը: Մի քիչ տարօրինակ բաներ կան, ուշադիր եղեք»,-ասաց նա: