Հայաստանի Տավուշի մարզում տեղի ունեցող իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս Ադրբեջանի ռազմատենչ էությունը, որին Հայաստանի համապատասխան կառույցները արժանի պատասխան տվեցին: Այս մասին հուլիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Պատգամավորը մասնավորապես նշեց. «Այս համատեքստում ես կցանկանայի ուշադրություն հրավիրել Թուրքիայի արձագանքին: Նախօրեին Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում արտահայտեց իր անվիճելի աջակցությունն Ադրբեջանին եւ աջակցություն հայտնեց ագրեսիային Հայաստանի դեմ: Դա նշանակում է, որ Թուրքիան իրեն դիրքավորվում է որպես ղարաբաղյան հակամարտության կողմ եւ նաեւ հաստատում է այն փաստը, որ այն չի կարող որեւէ դեր ունենալ այս հակամարտության հարցում »:
Ընդ որում, ի պատասխան Թուրքիայի արտգործնախարարի՝ Հայաստանին ուղղված «սթափվելու» կոչին Ռուբինյանն ինքը կոչ արեց Անկարային սթափվել եւ հանգստացնել իր ադրբեջանցի գործընկերներին, քանի որ «եթե դա տեղի չունենա, ապա նրանց կհանգստացնեն Հայաստանի Զինված ուժերը»:











