Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր են առնվազն մինչեւ օգոստոսի վերջ երկարաձգել Կանադայի եւ Մեքսիկայի հետ սահմանը հատելու արգելքը: Այս մասին հայտնել է Politico-ն՝ վկայակոչելով բարձրաստիճան ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Դա հենց այդպես կլինի»,- պարբերականին հայտարարել է զրուցակիցներից մեկը: Նրա տվյալներով՝ համապատասխան պաշտոնական հայտարարությունը կարվի մինչեւ հուլիսի 21-ը, ինչից հետո սահմանափակումները կերկարաձգվեն եւս 30 օրով:

Համապատասխան միջոցներն ի սկզբանե ներդրվել էին մարտին, այնուհետեւ երկարաձգվել էին մի քանի անգամ:

Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի, որն իր հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3․3 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 135 հազար մարդ: Մեքսիկայում համավարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 299 հազարը, մահացել է ավելի քան 35 հազար մարդ: Կանադայում հայտնաբերվել է ավելի քան 109 հազար վարակման դեպք, մահացել է ավելի քան 8 հազար մարդ: