Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր`մայիսի 12-ին Երեւանում ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասյան Տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ, դեսպան Պատրիցիա Ֆլորի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները:
ԱԱԽ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Պատիցիա Ֆլորը ափսոսանք է հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այդ դադարը ժամանակավոր բնույթ է կրում:
Անդրադառնալով ԼՂ հարցին` Ա. Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանը միշտ եղել է խնդրի խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու կողմնակից` համարելով, որ փոխընդունելի փոխզիջումը առավել ողջամիտ է, քան անիմաստ առճակատումը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում Հայաստանի դիրքորոշումը մնում է բաց եւ պարզ, իսկ մոտեցումը` կառուցողական, այնինչ Թուրքիան որդեգրել է այլ ուղի` ի սկզբանե նախապայմաններ դնելով հարաբերությունների կարգավորման հիմքում:
ԱԱԽ քարտուղարն այնուամենայնիվ հույս է հայտնել, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջնականապես տապալված չէ, եւ որ Թուրքիայում կձեւավորվի բարենպաստ մթնոլորտ` առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար:




























